Գարո Փայլանը թուրքական պետությանը կրկին մեղադրել է Դինքի սպանությունը կոծկելու մեջ
Թուրքիայի խորհրդարանում Դիարբեքիրից ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում անդրադարձել է Հրանտ Դինքի 15 տարի առաջ կատարված սպանությանը: Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ն:
Գարո Փայլանը հայտարարել է, որ «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կոծկվել է։
«Ցավոք, 15 տարի է մենք դատապարտված ենք ապրելու առանց Հրանտ Դինքի, ով շարունակ քարոզում էր միասին ապրել»,-ասել է Փայլանը
Փայլանը մեջբերել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի 8 ամիս առաջ Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Էրհան Թունջելի վերաբերյալ եթերում ասած խոսքերը և մեղադրել, որ դրանից հետո էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:
«Ներքին գործերի Նախարար Սուլեյման Սոյլուն ասաց. «Սեդաթ Փեքերին (Փեքերը Թուրքիայում հայտնի քրեական հեղինակություն է), Էրհան Թունջելին, ով է կվստահի՞»: Արդեն 8 ամիս է անցել, իր իմացածները ինչի չի ներկայացրել դատախազին»,-ասել է փայլանը:
Փայլանը հավելել է, որ Սոյլույի խոսքերից հետո ոչինչ չանելը նույնպես վկայում է, որ Դինքի սպանությունը մութ պահելու որոշում կա:
«Այս սպանությունը կոծկված է: Քաղաքական կամք է պետք այս սպանությունը բացահայտելու համար»,- ասել է Փայլանը: