«Հակված ենք ունենալ ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ կամիկաձեներ». Վահագն Խաչատուրյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ հայկական արտադրության ԱԹՍ-ներ ստեղծելու աշխատանքները վաղուց են ընթանում:
«Իմ աշխատած ժամանակահատվածում արդեն վերջնական փուլին ենք մոտենում: Տարբեր ընկերություններ կան, որոնք ունեն հաջողություններ, արդեն պատրաստի էլ ունեն: Փորձարկումների ընթացքում են, և կան, որ արդեն փորձակումներ են անցել: Խոսքը երկու տեսակի ԱԹՍ-ների մասին է, բայց ավելի շատ հակված ենք ունենալ ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ կամիկաձեներ: Տարբեր լուծումներ կան, այդ լուծումներն առաջարկողներն էլ ամեն անգամ մեկ բան են մտցնում իրենց ստեղծած արդյունքի մեջ: Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել՝ պատրաստ ենք իրենց արտադրանքը ՊՆ-ի կարիքների համար գնել: Մինչ այդ էլ կառավարությունը, մասնավորապես՝ մեր նախարարությունը, իրենց մեծ աջակցություն է ցույց տվել, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը ներկայացնեն կամ իրենց արտադրությունը տան»,- ասաց Վահագն Խաչատուրյանը:
Նախարարը փոխանցեց նաև, որ արտադրողներն ասում են, որ կան պատրաստի ԱԹՍ-ներ, բայց դրանք դեռ պետք է անցնեն պետական փորձարկում, որից հետո երբ ՊՆ-ն հայտարարի, որ պատրաստ են գնելու դրանք, այդ դեպքում արդեն կնքվում է պայմանագիր, ինչը նշանակում է, որ տվյալ արտադրողը կարող է ավելի մեծ քանակով արտադրել:
Թե հայկական արտադրության առաջին ԱԹՍ-ն երբ կմտնի բանակ, Վահագն Խաչատուրյանը դժվարացավ ժամկետներ նշել:
«Իմ անձնական մոտեցումն է ցանկացած հարցի՝ պատրաստ լինի, նոր կասեմ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում