«Երևի Տեր-Պետրոսյանը հպարտ ու հանգիստ է, որ իր գաղափարախոսությունը հաղթել է, որ պետք է տանք այս ամենը՝ բեռ է». Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, նկատեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակեց մնալ նույնը, նույնիսկ երկիրն աղետի վիճակում հայտնվելուց հետո:
«Երբ նա ասում է, որ Նիկոլ Փաշինյանը պատուհաս է, իր քայլերով նպաստում է նրան, որ նա շարունակի պաշտոնավարել, սա արդեն անհասկանալի է: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում էր ընտրություններին՝ իշխանազավթման փո՞րձ էր: Ամբողջ խնդիրը հետևյալն է, որ նաև արտախորհրդարանական շատ ուժեր փորձում են մեր այսօրվա պայքարը դիտարկել՝ իբրև պայքար հանուն իշխանության: Դրանով փորձում են վարկաբեկել մեր պայքարը, այս պայքարի գլխավոր մեխը Հայաստանն է, Արցախը և հայ ժողովուրդը: Այս տեսանկյունից Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ իր գծի մեջ: Այն որակումները, որոնք նա տվել է այս իշխանություններին, դրանից հետո ամեն դեպքում իր հայտարարություններով նպաստել նրան, որ այս իշխանությունը շարունակի մնալ՝ անընդունելի է»,- շեշտեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը:
Նա ՀՀ առաջին նախագահի արձագանքը երկրում տիրող իրավիճակին այսպես մեկնաբանեց, որ գործող իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսության հետևորդներն են:
«Երևի Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հպարտ ու հանգիստ է խորքի մեջ, որ իր գաղափարախոսությունը հաղթել է, որ պետք է տանք այս ամենը՝ բեռ է: Այս գաղափարախոսության կրողները եկան իշխանության և բերեցին այս աղետը»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում