«Թե հայկական կողմն ինչ առաջարկություններ է ուղարկել Բաքվին՝ տեղյակ չեմ, իշխանությունն ամեն ինչ անում է գաղտնիության պայմաններում». Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ հայկական կողմից դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ նոր առաջարկներ են ստացել և փոխանցել են պաշտոնական Բաքվին:
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ այն քայլերն ու գործողությունները, հայտարարությունները, որոնք այս ընթացքում արել են ՀՀ իշխանությունները, լավ բան չեն հուշում:
«Այս ամենը վկայում է, որ մենք հերթական կորուստներն ենք ունենալու, իրենք այս իրավիճակում պատրաստ չեն պաշտպանելու ՀՀ շահերը: Փաստն այն է, որ թշնամին իր քայլերով սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնում է: Թե հայկական կողմն ինչ առաջարկություններ է ուղարկել Բաքվին՝ տեղյակ չեմ: Իշխանությունն ամեն ինչ անում է գաղտնիության պայմաններում, սա հերթական ապացույցն է, որ հանրության թիկունքում կա գաղտնի գործընթաց»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ իրենց նպատակն այս իշխանություններին օր առաջ հեռացնելն է, ինչն ընտրության ճանապարհով չեն կարողացել իրականացնել: ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ պայքարել են փողոցներում՝ չի ստացվել, սակայն դա չի նշանակում, որ պետք է հետ կանգնեն իրենց նպատակից:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում