«Միակ բանը, որ իրենք թուրքի հետ կարող են կառուցել, Եռաբլուրն է». Վահե Բեգոյան
«Որևէ մեկին որևէ բան ներելու համար նույնիսկ քրիստոնեության մեջ գոյություն ունի ապաշխարությունը, այսինքն՝ եթե մարդը չի զղջացել, հետ չի դարձել իր սխալ ճանապարհից, այլ հակառակը՝ համառում է իր ընթացքի մեջ. սրանից 100-150 տարի առաջ ոնց քեզ սպանել է, շարունակելու է: Ձեռագի՞ր է փոխվել, ինչ-որ բան փոխվե՞լ է: Մենք տեսնո՞ւմ ենք թուրքական պետություններից եկող որևէ զղջում, ապաշխարություն, քավություն, որ ներենք: Հիմար հո չե՞նք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկխոսության մեկնարկի մասին, ասաց դիրիժոր Վահե Բեգոյանը:
ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության վերաբերյալ նա նշեց. «Ինչպես գիտենք՝ իրենց կառուցողականը միայն Եռաբլուրն է, միակ բանը, որ կարողանում են կառուցել, դա գերեզմանատներն է, որտեղ հայերը գտնվում են: Եթե Թուրքիան հայտարարում է, որ ամեն ինչ համաձայնեցնում է Ադրբեջանի իշխանությունների հետ, և այդ հանդիպում-քննարկումից երկու օր առաջ ադրբեջանցիները սպանում են 3 հայ զինվոր, ի՞նչն են կառուցում, ի՞նչն են քննարկում:
Միակ բանը, որ իրենք թուրքի հետ կարող են կառուցել, Եռաբլուրն է: Ընդ որում՝ Հայաստանի բոլոր գերեզմանատներն են դարձել Եռաբլուր, այցելեք՝ կտեսնեք դրոշները»:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը «տարեց, ծեր և խորը մարազմի մեջ գտնվող» մի միավոր է. «Սա թմբիր չէ, սա տարեց անգործունյա, անկենսունակ ժողովուրդ է, որն ինքնուրույն չի կարողանում լուծել իր հարցերը, այս ընթացքում երբեք ի վիճակի չի լինելու: Ուրեմն՝ այս ժողովուրդը կամ պետք է մի խնամակալ ունենա, որ իր փոխարեն որոշի, կամ մեռնի, վերանա, գնա:
Ի վերջո, ինչքա՞ն կարելի է հոգեդարձ անել: Սա կենսունակություն չունեցող ժողովուրդ է: Եթե ժողովուրդը գիտակցության գա, հասկանա, համախմբվի… ընդ որում՝ համախմբվելն էլ է շատ կարևոր հասկացություն: Այսօրվա մեր ընդդիմադիրները մի բան ունեն անելու՝ անկեղծ, բաց, ուղիղ տեքստով այս ժողովրդի հետ խոսել, ասել, որ անդառնալիության կետը անցել ենք, եթե մենք էլ գանք իշխանության, ոչինչ չի փոխվելու, փորձելու ենք ինչ-որ բաներ անել, բայց թե դա որքանով կհաջողվի, չգիտեն: Ժողովուրդը պետք է հասկանա, որ վերջ, այն, ինչ մենք ունեինք 30 տարի, այլևս երբեք չենք ունենալու»:
Դիտարկմանը՝ ժողովուրդն էլ կասի՝ եթե բան չի փոխվելու, թող Փաշինյանը մնա իշխանության, նա արձագանքեց. «Դե, ամբողջ խնդիրը դա է, ուրեմն՝ թող մնա, եթե ժողովրդին ձեռք է տալիս այս սուիցիդալ վիճակը, և ժողովուրդն անընդհատ գնում է սուիցիդի, է, թող մնա, ի՞նչ ասեմ: Հասարակությունը չի ուզում սթափվել»:
Դիրիժորը նշեց, որ մինչ Մոսկվայում տեղի է ունենում հայ ժողովրդի համար բախտորոշիչ հանդիպում, Հայաստանում խոսում են Քրիստոսի արձան դնելուց.
«Է, թող դնի, թող 6 հատ դնի, բայց հիմա այդ թեմայի ժամանա՞կն է: Բա ինչ-որ մեկը չի կարողանո՞ւմ կենտրոնացում պահի, թե այնտեղ ինչ է կատարվում: Արձանը քննարկելու փոխարեն՝ թող մարդկանց ոտքի հանեն, ասեն՝ ի՞նչ եք քննարկում, հասցնեն նրան, որ հիմա էլ ՀԱՊԿ-ը խաղաղապահ մտցնի, ինչի՞ց են վախենում, զոհերի՞ց, այսպես թե այնպես, զոհեր լինում են: Երբ զոհերը լինեն Երևանում՝ սահմանին այլևս զոհեր չեն լինի: Ես դրանում առավել քան վստահ եմ: Եթե 2018թ. էլ այդ զոհերը Երևանում լինեին, հետո այդ քանակությամբ և տարածքային նման կորուստներով չէին լինի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում