
Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ կայցելեն Դոնբասի շփման գիծ

Գերմանիան, Ֆրանսիան միջնորդի նոր փորձ են ձեռնարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը և Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանը մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ:
Այցի հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն նշվում է, որ հնարավոր է իրականացնել ոչ ուշ քան փետրվարին:
«Տիկին Բերբոկը սկզբում կուղևորվի Ուկրաինա ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի շրջանակում: Այնուհետև կնախապատրաստվի ֆրանս-գերմանական համատեղ այց շփման գիծ»,-հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հունվարի 17-ին կայցելի Կիև, կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության հետ: