«Մեր ամբողջ դժբախտությունը մեր փարիսեցիության մեջ է, երբ մեկ բան ասում ենք՝ մեկ այլ բան անում». Ալվինա Գյուլումյան

Այսօր խորհրդարանում դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ իրավական ոլորտի տարբեր ներկայացուցիչներ անդրադարձան նաև դատարանների կողմից խափանման միջոց կալանավորման միջնորդությունները մեծամասամբ բավարարելու խնդրին։

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը մինչ թեմային անդրադառնալը՝ բարձրաձայնեց, որ ԱԺ շենք մուտք գործելիս խախտվել են իր իրավունքները։

««Անձնագրի մասին օրենքի» 8-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ուղղակիորեն արգելվում է անձնագիրը վերցնել, բացի այնտեղ նշված հիմքերի դեպքում։ Չգիտես՝ ինչու, անցակետում մեր անձնագրերը վերցրեցին։ Սա՝ մի խախտում, որն արդեն կա, երևի ԱԺ-ն առաջին հերթին պետք է սկսի այդ խախտումի վերացումից։ Ինչո՞ւ այս օրինակը բերեցի, որովհետև հաճախ մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին խոսում են նրանք, որոնք իրենք խախտում են այդ իրավունքները։ Մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ամբողջ դժբախտությունը մեր փարիսեցիության մեջ է, երբ մեկ բան ասում ենք՝ մեկ այլ բան անում»,- իր խոսքում նշեց Ալվինա Գյուլումյանը։

Անդրադառնալով քննարկվող թեմային, Ալվինա Գյուլումյանն ասաց, որ երբ ՍԴ անդամ էր, ՍԴ-ում նախնական կալանքի վերաբերյալ կայացրել է որոշումներ, որոնք կարող էին ինչ-որ տեղ ուղենշային լինել։

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ թե կալանքների թվին, այլ դրանց բովանդակությանը, սակայն նախնական կալանքի հետ կապված, կա մեկ կարևորագույն պահանջ, ինչը միջազգային չափորոշիչ է, որ կալանքի օրիանականության վերաբերյալ հարցերը պետք է քննարկվեն անհապաղ կամ արագ։  Մեզ մոտ ի՞նչ է տեղի ունենում՝ հենց ՍԴ-ի ուշադրությանը հրավիրած հանգամանքներից մեկը, որ կալանքի օրինականությունը վիճարկվում է, Վճռաբեկ դատարանը սովորական գործերի նման ունի 3 ամիս ժամկետ՝ այդ գործը քննության ընդունել կամ չընդունել։ Այդ ընթացքում կարող է նույնիսկ անձի 2 ամսվա կալանքի ժամկետն ավարտվել, նա ազատ արձակվի, բայց Վճռաբեկ դատարանը կարող է դրա օրինականությունը քննարկել, որպեսզի անձին նորից կալանքի վերցնի։ Ցավոք, մեր նախադեպերում եղել է այդպիսի դեպք»,- ընդգծեց Ա. Գյուլումյանը։

Նա որպես օրինակ՝ վկայակոչեց «Աշոտ Հարությունյանն ընդեմ ՀՀ-ի» գործը, երբ անձը կալանքից ազատվել էր հիվանդության պատճառով, բայց Վճռաբեկ դատարանը վերացրել էր դատարանի այդ որոշումը, և անձը կրկին կալանավորվել էր և 25 օր անց կալանավայրում մահացել էր։ Այս հանգամանքը ՄԻԵԴ-ը ճանաչել էր՝ որպես տվյալ կալանավորի վերաբերյալ անմարդկային վերաբերմունք։

«Նախնական կալանքի վերաբերյալ, մեզ մոտ ես ուշադրություն եմ դարձնում այն հանգամանքի վրա, որ նախնական կալանքի վերաբերյալ  բողոքարկման գործընթացը բավականին երկար է տևում։  Պետք է ավելի հստակ ձևակերպում տրվի այդ ամենին»,- եզրափակեց Ալվինա Գյուլումյանը։

Տեսանյութեր

Լրահոս