Փաշինյանի գրքում եղած բառամթերքը նրա թիմակիցների հասցեին ցիտելու համար Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանին հրավիրել են ոստիկանություն

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը մինչև ոստիկանության բաժին մտնելը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր իրեն ոստիկանություն հրավիրելու պատճառների մասին: Հոկտեմբերի 7-ին գրառում էր կատարել Ֆեյսբուքում, իսկ նոյեմբերի 7-ին ոստիկանությունը գնացել է իրենց  տուն՝ ցուցմունք վերցնելու։

«Այսօր՝ հունվարի 12-ին, ինձ հրավիրել են քննչական։ Այդ գրառմամբ ես ցիտել եմ Նիկոլ Փաշինյանի գրքում եղած բառամթերքը՝ իր համախոհների ու թիմակիցների հասցեին։

Պարզապես ուզում եմ նշել, որ մարդիկ, որոնք անպատվություն են բերել մեր գլխին և շարունակում են անպատիվ քայլեր կիրառել հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ, զոռբայությամբ և ապօրինի տեսքով փորձում են իրենց արժանապատվությունը հաստատել։ Ուզում եմ ասել, որ պարոնայք, արժանապատվությունը ձեռք է բերվում պատշաճ աշխատանքով, կերտվում է  ամեն օր բարի, հայանպաստ գործերով, այլ ոչ թե ինձ ու իմ գործընկերներին քաղմաս բերելով։ Խորհուրդ կտամ շատ ուշադիր կարդաք ձեր առաջնորդի գրած գիրքը և այդ գրքում կիրառված բառամթերքը, որը ես իրավունք ունեմ օգտագործելու ձեր իսկ հասցեին, քանզի այդ իրավունքն ինձ տվել է ձեր իսկ առաջնորդը»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը ներկայացնում է Արմինե Ադիբեկյանի շահերը, լրագրողներին նախ ներկայացրեց փորձագետին՝ երկար տարիներ հակաադրբեջանական քարոզչության մեջ մեծ ավանդ ունեցող անձ, այն ժամանակ, երբ հայկական կողմն իսկապես զբաղվում էր ազգային ու պետական շահերի պաշտպանությամբ։

«Մենք այսօր ոստիկանություն ենք եկել՝ որպես հարցաքննության կանչվածներ, ծանր վիրավորանքի գործով, որն արդեն տևական ժամանակ  դարձել է ՀՀ-ում խոսքի ազատության, բողոքելու ազատության ճնշման գործիք։ Տիկին Ադիբեկյանը բավականին հայտնի մարդ է, այլ հայտնի մարդիկ կան, որոնք այս հոդվածով հետապնդվում են։ Հարյուրավոր մարդկանց են կանչում, վախեցնում, պատասխանատվության կանչում, սա ահազանգ է ոչ միայն տիկին Ադիբեկյանի մասով, այլև առհասարակ»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս