«Եթե ներկայիս ձեռքով մակագրելու պրակտիկան պահելու ցանկություն չկա, ապա ԲԴԽ-ն կարող է քննչական մարմնից պահանջել գործերի մակագրման բուն տեխնիկական սարքը». Դավիթ Հարությունյան

2021թ. հուլիսի 22-ին 168.amգրել էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանում: Վերջիններս առգրավել էին քրեական գործերը դատավորներին մակագրող համակարգչի սերվերը:

Փաստացի շուրջ 6 ամիս քրեական գործերը դատավորներին մակագրում են դատարանների նախագահները:

Հունվարի 4-ին նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էր հայտարարություն տարածել այն մասին, որ ձեռքով մակագրման պրակտիկայի առնչությամբ դիմել է Սահմանադրական դատարան:

«ՍԴ դիմելուց առաջ բոլոր դատարանների նախագահներին հարցումներ եմ արել, բայց նրանցից որևէ մեկը ցույց չի տվել, որ կան չափանիշներ, կամ չի ներկայացրել ապացույցներ, որ պահպանվում է այբբենական կարգը: Ո՞վ կարող է այսքանից հետո երաշխավորել, որ համակարգչային ծրագրի փոխարեն դատավորների միջև գործերի բաշխում «ձեռքով» իրականացնելու ընթացքում դատարանների նախագահների կողմից կամ նրանց նկատմամբ արտաքին միջամտություններ չեն լինում»,- գրել էր նա՝ հավելելով, որ արդեն դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման դրույթները:

Ավելի վաղ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին, հայտնի դարձավ, որ մի խումբ դատավորներ գրություն են պատրաստել, որով դիմել են Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)` հրապարակային եղանակով տեղեկություն տրամադրելու վերաբերյալ: Գրության տակ ստորագրած դատավորներն են Ալեքսանդր Ազարյանը, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը, Դավիթ Բալայանը, Անդրանիկ Մնացականյանը, Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին և Զարուհի Նախշքարյանը:

Դիմումը ստորագրած դատավորներն իրենց մտահոգությունն էին հայտնել դատարանների և դատավորների անկախությունն ու անաչառությունը ակնհայտորեն վտանգող քրեական հետապնդման մարմինների գործողությունների, այլ կերպ՝ անհամաչափ միջամտության և այն կանխելու ուղղությամբ ԲԴԽ կողմից Օրենքով և Սահմանադրությամբ նրան վերապահված գործիքակազմը չօգտագործելու, գործողություններին պատշաճ չարձագանքելու փաստի առթիվ, ինչը դատավորների տեսանկյունից հակադրվում է ԲԴԽ սահմանադրական առաքելությանն ու դերին:

Դատավորները մի շարք հարցապնդումներ էին ներկայացրել ԲԴԽ-ին:

Երեկ երեկոյան արդեն Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն տարածեց, որն ըստ ամենայնի դատավորների դիմումի արձագանքն էր:

ԲԴԽ-ն նախ ներկայացրել էր սերվերներն առգրավելու պատմությունն ամենասկզբից, դրա պատճառն ու առիթը, ընթացակարգերը, նշել էին, որ մասնավորապես հուլիսի 21-ին հարուցված քրեական գործի շրջանակներում առգրավվել են «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, ինչով պայմանավորված ստեղծվել է անհաղթահարելի ուժ՝ ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարաններում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրի միջոցով իրականացնելու համար:

Այնուհետև ներկայացրել էին այն քայլերը, որոնք ԲԴԽ-ն իրականացրել է դրանից հետո՝ փորձելով ապահովել քրեական գործերի արդարացի բաշխումը:

«Բարձրագույն դատական խորհուրդը մտահոգ լինելով Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու հանգամանքով լիազորել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ընդունել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավարին և ճշտել հարուցված քրեական գործի շրջանակներում դատական գործերը Ծրագրի միջոցով բաշխելու անհնարինության, ինչպես նաև Ծրագիրը հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկելու հետ կապված հարցերը: Հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 27-ին Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում»,- նշված էր ԲԴԽ հայտարարության մեջ:

Միաժամանակ տեղեկացրել էին, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից բանակցություններ են վարվում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ նոր համակարգչային ծրագրի կազմման և ներդրման կապակցությամբ:

168.amը դատավորների դիմումի տակ ստորագրած Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին խնդրեց մեկնաբանել ԲԴԽ հայտարարությունը, արդյո՞ք բավարար ու սպառիչ էին ԲԴԽ պատասխաններն իրենց հարցադրումներին:

«Նախ նշեմ, որ ԲԴԽ հրապարակային հայտարարությունը, եթե, իհարկե, դրա առիթը դստավորների դիմում-գրությունն էր, բնականաբար, բարձրացված հարցերի սպառիչ պատասխան չի պարունակում։ Սա ուղղակի իրենց կողմից արված մի քանի նախկին հրապարակումների ամփոփում էր»,- ասաց դատավորը:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս հրապարակման ձևակերպումներից իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ ԲԴԽ-ն ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը ըստ էության թողնում է դատարանների նախագահների ու համակարգիչն առգրավողի վրա։

«Կարծում եմ, եթե նախկինում գործած մակագրման էլեկտրոնային համակարգից ձերբազատվելու ու ներկայիս ձեռագիր թե ձեռքով մակագրելու պրակտիկան պահելու ցանկություն չկա, ապա ԲԴԽ-ն կարող է քննչական մարմնից պահանջել գործերի մակագրման բուն տեխնիկական սարքը, եթե դա էլ է վերցվել, և որը իր մեջ, կարծում եմ, թվային ինֆորմացիա, հետքեր չի պարունակում, իսկ փորձաքննությունը շարունակեն իրականացնեն հիշողության կրիչներով»,- ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը:

Որպես փաստարկ՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այլ դատարաններում մակագրումը նորմալ էլեկտրոնային եղանակով շարունակում է իրականացվել, բայց ամենակարևորն այն է, որ չունենք գեթ մեկ հրապարակված փաստ, թե երբևէ տեղի է ունեցել միջամտություն էլեկտրոնային համակարգին. կան միայն արտահայտված կասկածներ կամ ենթադրություններ։

«Ինչ վերաբերում է հայտարարության բուն էությանը, այն մասով, թե դատարանների նախագահներն են պատասխանատու մակագրման՝ օրենքով իրականացնելու համար, ապա անձամբ ես, մասնավորապես, կասկածները փարատելու համար, պատրաստվում եմ դիմել Երևանի դատարանի նախագահին պարզաբանումներ ստանալու համար, պատասխանից ելնելով էլ, անհրաժեշտության դեպքում, կձեռնարկեմ համապատասխան քայլեր»,- ասաց դատավորը:

Հարցին՝ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ հակված եմ ստանալ սպառիչ և համոզիչ պատասխաններ, հակառակ դեպքում, բնականաբար, պատասխանատվության հարց կբարձրացնեմ։

Տեսանյութեր

Լրահոս