In memoriam Jorge Luis Borges
Բոլոր դպրոցներում շախմատ էին ուսուցանում։ Երկիրը ուներ առաջատար շախմատիստներ, աշխարհի չեմպիոններ, շախմատը լուրջ ավանդույթներ ուներ Երկրում։ Նաեւ՝ շախմատը Արեւելքի ծնունդ էր (Երկիրը գտնվում էր Արեւելքում), բայցեւ խորթ չէր Արեւմուտքին, դասական էր, սահմաններ չճանաչող ու կոսմոպոլիտ (Երկիրն ընտրել էր Արեւմուտքին մերձենալու ուղին)։
Երկրի Առաջնորդը շախմատիստ էր եւ կարծում էր, որ լավ կլիներ, եթե բոլոր երեխաները սովորեին շախմատ խաղալ։ Հետո նրանք կդառնային չափահասներ, բայց արդեն շախմատ խաղալ իմանալով։
Համարվում էր, որ բացի սպորտային իմաստից, շախմատը նաեւ տրամաբանություն է զարգացնում, դեպքերի ընթացքին հետեւելու հեռատեսություն է տալիս, շախմատիստները ընկալում էին, որ իրականությունը միագիծ չէ, այլ կան տարբերակներ։ Հետո էլ տեսաբանները պնդում էին, որ շախմատը կամային հատկանիշներ է զարգացնում։ Մի խոսքով, ոչ միայն Արեւելք-Արեւմուտք երկճյուղվածությունը հաղթահարելու, կամ Առաջնորդի հոբբին խթանելու, այլեւ քաղաքացիների ապագայի մտահոգությամբ բոլոր դպրոցներում շախմատ էին ուսուցանում։
Հետո Առաջնորդը փոխվեց։ Նոր Առաջնորդը շախմատ խաղալ չգիտեր եւ չէր հասկանում այն ուսուցանելու իմաստը։ Ինքը առանց շախմատի տրամաբանության կամ շախմատի զարգացման կամային հատկանիշների հասել էր շատ մեծ արդյունքների եւ չէր ընդունում, որ շախմատը իրավիճակ փոխող է։ Ավելին, շուտով պարզվեց, որ երիտասարդներից՝ նրանցից, ովքեր դպրոցում շախմատ են սովորել, ոմանք իսկապես ունեն տրամաբանելու կարողություն, ոմանք էլ՝ կամային հատկանիշներ, ինչը խանգարում էր հանգիստ կառավարելուն։
Առաջնորդը մտածեց, որ այս ամենի մեջ պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաեւ շախմատի դասերը, եւ որոշեց դպրոցներում շախմատն արգելել։ Իրավապահները հայտնաբերեցին, որ դպրոցներից մեկը տնօրենը որպես շախմատի ուսուցիչ էր ձեւակերպել իր քրոջ հարսին, ով իրականում նարդու մասնագետ էր։ Դպրոցի տնօրենին կալանավորեցին, շախմատը հայտարարվեց կոռուպցիայի աղբյուր, նրա դասավանդումը արգելվեց։
Շախմատի շուրջ բանավեճերը դադարեցին, լարվածությունը ընկավ, սակայն ինչ-որ դատարկության զգացում կար բոլորի մոտ։ Բազմաթիվ շախմատի ուսուցիչներ դարձան գործազուրկ։ Առաջացավ խզում տրամաբանության եւ կենցաղի միջեւ, ինչը սպառնում էր լցվել նոր գիտելիքով։
Կառավարող Կոմիտեն հասկանում էր, որ հանրային գիտակցության այդ ճեղքվածքը անհրաժեշտ է լրացնել եւ լայն քննարկումներից հետո եկավ իմաստուն որոշման. որոշվեց դպրոցներում դասավանդել «բազար բլոտ» կոչվող խաղը։
Իրավիճակի համար բոլորի կողմից ողջունելի որոշում էր։ Բլոտը լայնորեն տարածված էր Երկրում, սակայն որոշ տարաբախտներ ժամանակին հնարավորություն չէին ունեցել յուրացնել այս խաղի հիմունքները։ Դպրոցում բլոտի դասավանդումը նրանց համար կդառնար հասարակությանը ինտեգրվելու հրաշալի հնարավորություն, իսկ խաղի գիտակները կարող էին դասերի ժամանակ տրվել իրենց սիրելի զբաղմունքին։ Ավելին՝ բլոտը ցուցադրում էր Երկրի զարգացման վեկտորը. ունենալով ֆրանսիական արմատներ, այն խորապես ազգային էր եւ որոշակիորեն ցուցադրում էր խզումը ռուսական իմպերիալիզմից։
Ակնհայտ էր այս որոշման ընդունման մեջ շահումով խաղեր կազմակերպող ընկերությունների դերը, որոնք ունեին մեծ ազդեցություն ինչպես Կոմիտեի, այնպես էլ մեդիայի վրա։ Բլոտի տարածումով գերշահույթներ ստացող այս մարդկանց փողերն էլ ավելի շատացան (գնոստիկները պնդում էին, թե Երկիրը իրականում այս մարդիկ են ղեկավարում, իսկ Կոմիտեն պարզապես ֆարս է, ֆիկցիա)։
Սկսվեց բլոտի հաղթարշավը Երկրով մեկ։ Կազմակերպվում էին դպրոցական առաջնություններ, մարզային, շրջանային մրցաշարեր։ Իշխանությունները կարողացան կառավարելի ֆորմատի մեջ դնել ամենազանգվածային բլոտը՝ բակային խաղերը։ Արդարադատության նախարարությունը պարզաբանումներ տվեց երկակի իմաստ ունեցող իրավիճակներին, որոնցից մեկը՝ չորս թղթով թերզը հաշվելը Սահմանադրական դատարանը բեկանեց։ Ընտրվեցին տարբեր կարգի դատավորներ, ովքեր դատում էին բակայինից մինչեւ հանրապետական մակարդակի խաղերը։
Երկու համապետական առաջնություններից հետո Երկիրը կազմակերպեց ու անցկացրեց աշխարհի առաջնություն, որտեղ տարբեր երկրներ ներկայացնող 34 թիմերի մեջ հաղթեց Երկիրը ներկայացնող թիմը։ Դա մեծ հպարտություն էր, թե ժողովրդի, թե Առաջնորդի համար, ով ամեն առիթով նշում էր այն՝ որպես իր կառավարման մեծագույն ձեռքբերումներից մեկը։
Սակայն շահումով խաղեր կազմակերպողների փոխանցեցին առաջնորդին, որ որոշ քաղաքացիներ խուսափում են բլոտ խաղալուց։ Այնժամ բլոտը հայտարարվեց պարտադիր։ Բոլոր քաղաքացիներին շնորհվեցին բլոտի նույնականացման քարտեր (BID) եւ որեւէ իրավական, քաղաքացիական կամ կենցաղային գործարք կատարելու համար նրանք պարտավոր էին ներկայացնել իրենց BID-ները, որտեղ նշված էր լինում, թե արդյո՞ք իրենք լրացրել են օրենքով պահանջվող խաղերի մինիմումը։
Քաղաքացիները ընկալեցին բլոտը որպես հարստացման հիմնական աղբյուր, բայց կային նաեւ այնպիսիները, ովքեր առանց ոգեւորության էին խաղում՝ զուտ BID-ում անհրաժեշտ ցուցանիշն ապահովելու համար, եւ մեծ նշանակություն չէին տալիս պարտությանը։ Այս վերջինները կարող էին սպառնալ Երկրի ազգային անվտանգությանը, քանի որ բլոտից բացի իրենց ուղեղները զբաղվում էին այլ մտքերով։ Բլոտում մասնակցությունը խթանելու նպատակով բացի շահումներից մտցվեցին նաեւ պատիժներ։ Անհրաժեշտ քանակի հաղթանակներ չապահովելու դեպքում քաղաքացիներին կարող էին տուգանել, ոստիկանական հատուկ պաշտոնյաները կարող էին կտտացնել նրանց ճակատին, կար հրապարակային գանահարման պատիժ, կարող էին անգամ կալանավորել մինչեւ 3 օրով։
Խաղը ծավալվեց նոր ոգեւորությամբ եւ ավյունով։ Մեդիան լցվեց կտտոցների եւ ասֆալտին փռելու տեսարաններով, որը մի կողմից ոգեւորում էր մարդկանց, մյուս կողմից՝ վախեցնում, քանի որ անհրաժեշտ ջանասիրության պակասի համար վաղը հրապարակում կարող էին իրենց ծեծել փայտերով։
Սակայն այս ոգեւորությունն ուներ նաեւ իր հակառակ երեսը։ Կոմիտեն ակնհայտորեն տեսնում են, որ Երկրում առաջանում է մեծահարուստների մի խավ, որոնց հարստացումը դուրս էր իրենց վերահսկողությունից։ Նաեւ՝ փողոցներում քայլում էին կտտոցներից ուռած ճակատներով մարդիկ, ովքեր փնթփնթում էին եւ դժգոհ էին համակարգից։ Այս ամենը ակնհայտ ետընթաց էր արդարության եւ հավասարության գաղափարներից, ինչի համար Կոմիտեն եկել էր իշխանության։ Խոսքն ու գործը կարող են իրարից տարբերվել, Առաջնորդի համար սուտ խոսելը իհարկե պրոբլեմ չէր, բայց նրա համար պարզ էր, որ եթե դժգոհները միավորվեն անկապ մեծահարուստների փողերով, ապա նրանք կարող են տապալել ռեժիմը։
Վիճակախաղի մասնագետների հետ քննարկումներից հետո որոշվեց դպրոցներում արգելել բլոտի դասավանդումը. մի կոռումպացված դպրոցի տնօրեն գտնելը դժվար բան չէր, նաեւ՝ երկրով մեկ անցկացնել բլոտը վատաբանող արշավ, ինչի արդյունքում մարդիկ կխուսափեին այդ խաղից։
Պարզ է, որ առաջացող դատարկությունը պետք էր լցնել նոր խաղով, բայց ընկալելի լինելու եւ արագ տարածվելու համար վերջինս պետք է լիներ շատ ավելի անպաճույճ եւ շատ ավելի արդար։ Նոր խաղը կոչվում էր «Արդարություն» եւ այն շատ պարզ էր. յուրաքանչյուր քաղաքացի ամեն եռամսյակ երեք խաղաթուղթ էր քաշում, որոնց համադրությունը որոշում էր իրենց զբաղմունքը, պաշտոնը եւ դիրքը հասարակության մեջ հաջորդ երեք ամիսների ընթացքում՝ մինչեւ նոր խաղարկություն։ Ոգեւորությունը շատ մեծ էր, Կոմիտեն վերանվանվեց Վարչապետների Խորհուրդ, 3 միլիոն քաղաքացին իրական շանս ստացան վարչապետ դառնալու, կառավարական ամառանոցում բնակվելու, իկռա ուտելու եւ թիկնապահներով շրջելու։ Այս ամենը հավերժացնելու համար Կոմիտեն հանրաքվե անցկացրեց եւ փոխեց Սահմանադրությունը։ Մյուսները, կախված վերցրած խաղաթղթերից, կարող էին դառնալ օպելի վարորդ կամ կռազի շոֆեր, բայց միշտ համոզված, որ մի օր էլ իրենք են վարչապետ դառնալու։ Երեք քարտի կոմբինացիան մարդկանց կյանքը կազմակերպելու բավական մանրամասն հնարավորություններ էր տալիս, օրինակ Պողոսը կարող էր դառնալ զինվոր կամ գեներալ, կամ հերոս գեներալ, կամ պաշտոնաթող գեներալ, կամ ձերբակալված գեներալ։
Ազարտն ավելացնելու եւ կյանքն ավելի դինամիկ դարձնելու համար «Արդարության» վիճակախաղը դարձրեցին շաբաթական պարբերականությամբ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ այս ամենը լուրջ տնտեսական արդյունք է տալիս։ Նաեւ, պարզվեց, որ դպրոցներում մանրամասն կրթությունն այլեւս անիմաստ է, պարտադիր դարձավ միայն 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, A, K, D, J եւ «խաչ», «սիրտ», «ղառ», «քարփինջ» նշանները սովորելը, այս ամենի հետեւանքով մեծ թվով ուսուցիչներ ազատվեցին աշխատանքից եւ որակյալ աշխատուժի ավելցուկ առաջացավ։
Վերջնակապես լուծվեց տրանսպորտային խնդիրը, հիմնադրվեց ավտոգործարան, որն արտադրում էր 30-ամյա հնության, ձեռքի փոխանցման տուփերով օպելներ։ Իրավիճակին ավելի հարազատ լինելու համար օպելները գործարանից դուրս էին գալիս խփված կողերով, մաշված նստարաններով, կիսամաշ անիվներով, քրտինքի հոտով եւ փչացած տրամբլյորով։ Ռուսաստանցի մեծահարուստները հիմնադրեցին աջ ղեկով ճապոնական միկրոավտոբուսներ արտադրող գործարան։ Երկրում սփռվեցին բազմաթիվ արհեստանոցներ, որոնք աջ ղեկը դարձնում էին ձախ։ Երկրի հյուսիս-արեւելքում գտնվող արտադրամասին, որն ուներ դիմակներ արտադրելու մենաշնորհ, տրվեց նաեւ խաղաթղթեր արտադրելու մենաշնորհային թույլատվություն։
Ճիշտ է, օպել քշողներից շատերը բացարձակ չէին տիրապետում մեքենա վարելու հմտություններին, իսկ երթեւեկությունը կարգավորելու կոչված սեւազգեստ ոստիկանները, բնականաբար, նույնպես վիճակախաղով էին նշանակված եւ տեղյակ չէին երթեւեկության կանոններից, ու փողոցները վերածվեցին խցանումների անվերջության, բայց մարդիկ գիտեին, որ հենց վարչապետ դառնան, երթեւեկելու էին հատուկ մեքենաներով ու թիկնապահներով, եւ ուրեմն, խցանումները ժամանակավոր երեւույթներ են։
Բացի վիճակախաղում մեկ շաբաթով շահելու հույսից, նաեւ բոլորը վախենում էին, թեեւ աշխատում էին թաքցնել իրենց սարսափները։ Վախենում էին, որ հանկարծ հաջորդ վիճակախաղին իրենց կարող է վիճակվել ճիպոտահարվելու կամ մահապարտի մենախցում նստելու պաշտոնը՝ խանութի վաճառողի այս շաբաթվա անփառունակ վիճակը այնուամենայնիվ գերադասելի էր նման պատիժներից։
Աստիճանաբար անկում ապրեցին մարդկանց կրոնական զգացումները. եթե Վերջին դատաստանին մարդու պատիժը կամ պարգեւը կախված չէ իր ապրած կյանքից ու իր պարկեշտությունից, այլ միայն վիճակախաղից, ապա անիմաստ է դառնում առաքինի ու վեհանձն լինելը։ Ավելին, եթե վիճակախաղում ոչինչ չկա անդրշիրիմյան կյանքի մասին, ուրեմն այն պարզապես գոյություն չունի, եւ անիմաստ է դառնում նաեւ մեղքերից խուսափելը, դրանք խոստովանելն ու քավելը։
Անիմաստ դարձան նաեւ մովսեսական պատվիրանները պահպանելը. ի՞նչ իմաստ ունի ամուսնական հավատարմությունը կամ որդիական նվիրվածությունը, եթե մարդու ապագան կախված չէ ոչ իր կնոջ, ոչ ծնողի, ոչ էլ զավակի հանդեպ վերաբերմունքից, այլ միայն իրեն բաժին ընկնող խաղաթղթերից։ Անիմաստ էր նաեւ չգողանալը կամ չսպանելը, որովհետեւ երբ գա տվյալ անձի պատժի ժամանակը ոստիկանապետը կարող է հենց այդ անձը լինի։
Միաժամանակ, Երկրում սկսվեց տարածվել ճակատագրապաշտության մի աղանդ, որտեղ Արարիչը ոչ թե որոշում է մարդու ճակատագիրը, այլ նա այն որոշում է որոշակի հավանականությամբ։ Հատուկ գիտելիքների տիրապետողները՝ կաբալիստները, հավաքում էին «Արդարություն» խաղով մարդկանց բաժին ընկնող խաղաթղթերի եւ պաշտոնների վիճակագրությունը եւ հաշվում էին, որ որոշակի հավանակնությամբ նրանք պետք է զբաղեցնեն վարչապետի, վարչապետի խորհրդականի, գլխավոր ռեժիսորի կամ կապելլայի դիրիժորի պաշտոն, ինչը, սակայն, ոչ մի հավանականությամբ էլ չէր իրականանում։ Իսկ այս աղանդի անդամները զարմանալիորեն սկսում էին հավատալ իրենց կաբալիստներին եւ ոչ թե Առաջնորդին։
Մեկ օրվա ընթացքում աղանդի ղեկավարներն անհետացան երկրից, իսկ անդամները շփոթված ցրվեցին ընդհանուր զանգվածի մեջ։
Այնումենայնիվ, իշխանության բարեփոխումների ջերմեռանդ կողմնակից քաղաքացիների շրջանակում որոշակի անհանգստություն էր զարգանում։ Զուտ բնազդային մակարդակով նրանք զգում էին, որ իրենց թուղթը շարունակաբար չի գալիս եւ իրենք անվերջ պտտվում են օպելի վարորդ-մետրոյի մոտ կանաչի ծախող-երթուղայինի շոֆեր պաշտոնների շրջանակում։ Նաեւ նրանք տեսնում էին, որ միաժամանակ որոշակի մարդիկ նախանձելի տակտով անընդհատ ստանում էին վարչապետ-վարչապետի խորհրդական-վարչապետ խաղաթղթերը։
Ինչ-որ անհասկանալի ու տհաճ բան էր նկատվում «Արդարություն» խաղում, բայց քանի որ մարդիկ կորցրել էին լավի ու վատի մասին պատկերացումները, ու այնպիսի գաղափարներ, ինչպես վստահությունն է, ընկերությունը կամ արդարությունը, նրանք կորցրել էին նաեւ մարդկանց հետ շփվելու ունակությունը։ Չկար որեւէ գործիք կամ մեթոդ, որով այս անհանգստությունները կփոխանցվեին իրար, գործողությունների ձեւ կամ բառային արտահայտություն կստանային։ Եւ այս իրավիճակից դուրս գալու ձեւեր արդեն չկային։
Այսպիսով, իրականացավ մեկ առանձին վերցրած երկրում Հավերժ Քաոս կառուցելու վերաբերյալ սըր Էլիսթոնի մարգարեությունը։
Աղասի Ենոքյան