Կադրային սո՞վ, թե՞ հետախուզության հետ կապված խնդիրներ չեն եղել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այսօր նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Նշենք, որ 2021-ի դեկտեմբերի 16-ին ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատել էին «անորակ հրթիռների» գործով անցնող և կալանքի տակ գտնվող գեներալ Ստեփան Գալստյանին:
Ինչ վերաբերում է Մարտիկյանին, ապա արցախյան վերջին պատերազմի ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, որից ազատվել էր 2021թ. օգոստոսի 9-ին:
Նրան այս պաշտոնում փոխարինել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը, ով թեպետ ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՀ զինված ուժերի հայտնի հայտարարության տակ, սակայն, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանին ընդունում է՝ որպես գերագույն:
Իսկ Առաքել Մարտիկյանը չէր ստորագրել գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ մշակված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ:
Գուցե Մարտիկյանը ՀՀ ԶՈՒ հայտարարության տակ չստորագրելու իր պատճառներն ուներ: Հանուն արդարության պետք է ասել, որ չստորագրելն ավելի ազնիվ է, քան Փաշինյանից, մեղմ ասած, դժգոհ չլինելով՝ ստորագրելը:
Բայց խնդիրը տվյալ դեպքում սա չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը առիթի դեպքում ակնարկել է, հայտարարել, որ, օրինակ, «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական»:
«Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»,- ԱԺ-ում անցած տարի հայտարարել էր Փաշինյանն ու հավելել, թե սա ապացուցող փաստեր նույնպես կան:
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրում է կամ իրենց գործը լավ չանելու մեջ, կամ իրենից պատերազմի սկսման հավանականությունը և ժամկետը թաքցնելու մեջ:
Ավելին, Փաշինյանը համապատասխան կառույցներին մեղադրել էր նաև պատերազմի ընթացքի մասին ոչ ճիշտ տեղեկություններ հաղորդելու համար:
Երբ օգոստոսի 9-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Առաքել Մարտիկյանին պաշտոնանկ արեցին, ոչ մի բացատրություն կոնկրետ չներկայացվեց:
Բայց դրա պատճառը ինչ-որ տեղ կարելի էր տեսնել Փաշինյանի հնչեցրած մեղադրանք-հայտարարությունների տրամաբանության մեջ:
Սակայն, երբ այսօր գեներալ Մարտիկյանին վերադարձնում են բանակ և վստահում Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, հիմք է տալիս ենթադրելու, որ կամ հետախուզության հետ կապված խնդիրներ չեն եղել, կամ Նիկոլ Փաշինյանը նախկինների ժամանակ ռազմական կենսագրություն ստեղծածներին պահում է՝ կադրային սովից ելնելով:
Երկու պատճառն էլ միանշանակ հավանական է, ավելին՝ երկրորդում կասկած էլ չկա: