Իրանն անիմաստ է համարում միջուկային գործարքի շուրջ ժամանակավոր համաձայնագիրը
Թեհրանը հույս ունի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների ընթացքում ատոմի շուրջ երկարաժամկետ գործարք կնքել եւ անիմաստ է համարում ժամանակավոր համաձայնագիրը: Այդ մասին հաղորդել է «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարությանը:
«Մենք ձգտում ենք հասնել երկարաժամկետ եւ հուսալի համաձայնագրի: Առանց այս երկու բնորոշ հատկանիշերի մեր օրակարգում ոչ մի գործարք չի լինի: Մենք բոլորս պետք է համոզվենք այն բանում, որ ԱՄՆ-ի վերադարձը ԳՀՀԾ-ի պահպանմանը տեղի կունենա ստուգումներով եւ հավաստիացումներ ստանալով, ինչպես նաեւ հակաիրանական պատժամիջոցների չեղարկմամբ»,-գործակալությունը մեջբերում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեի խոսքը:
Նա նշել է, որ միջուկային գործարքի շուրջ ժամանակավոր համաձայնագիրը ոչ մի բանի չի հանգեցնի: Խաթիբզադեի խոսքով,բանակցությունների մասնակիցները Ավստրիայի մայրաքաղաքում կարողացել են առաջընթացի հասնել չորս ուղղություններով՝ պատժամիջոցների չեղարկման, ստուգումների, հավաստիացումներ ստանալու եւ միջուկային հարցերի:
«Ակներեւ է, որ այժմ Վիեննայում բոլոր կողմերը ջանքեր են գործադրում կայուն արդյունքի հասնելու համար: Մենք հասել ենք այն մակարդակներին, որոնք մեզ ցույց են տալու, թե արդյոք մյուս կողմն ունի անհրաժեշտ վճռականություն, թե ոչ»,-հավելել է նա:
Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանի համար կարեւոր է նաեւ բանակցությունների տեմպը:
«Անընդունելի է, երբ մյուս կողմը քարշ գա ինչպես կրիան, իսկ մենք շարժվենք լույսի արագությամբ»,-հայտարարել է Խաթիբզադեն: Հունվարի 3-ին Վիեննայում վերսկսվել է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ութերորդ փուլը:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականին կնքեցին ԳՀՀԾ գործարքը, ինչը ենթադրում է Իրանի նկատմամբ ավելի վաղ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը միակողմանի կարգով դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները:
Ի պատասխան Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Հետագայում 2021 թվականի ապրիլից մինչեւ դեկտեմբեր Իրանը եւ մի շարք համաշխարհային տերություններ բանակցությունների յոթ փուլ անցկացրեցին Վիեննայում ԳՀՀԾ-ն վերականգնելու նպատակով: ԱՄՆ-ն ուղղակիորեն դրանց չի մասնակցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: