Պատեհապաշտ, Ֆեյսբուքով գովերգություններով առաջնորդվող դատավորը նույնքան վտանգավոր է, որքան իշխանությունների քիմքին միշտ հաճո որոշումներ ընդունողը. Կարինե Պետրոսյան

2021 թվականը դատական իշխանության համար ծանր փորձությունների տարի էր, որոնց մի մասը, ավաղ, հաջողությամբ չհաղթահարվեց: Այն կարելի է գնահատել՝ որպես վատագույն տարի, քանի որ երբևէ նման կոպիտ միջամտություն արդարադատության իրականացման գործընթացին չէր եղել: Այս մասին, ամփոփելով նախորդ տարին արդարադատության իրականացման որակի տեսանկյունից, ասաց նախկին դատավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Կարինե Պետրոսյանը։

Նրա խոսքով` դատական իշխանության համար կարելի է նշել 2 բեկումնային իրադարձություն. առաջինը՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումն էր քրեական գործի հարուցման եղանակով, ինչին հաջորդեց երկրորդ հույժ կարևոր իրադարձությունը, այն է՝ էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացումը:

«Ընդ որում՝ այս երկու իրադարձությունները փոխկապակցված էին, իսկ նպատակը դատական իշխանությունը վերահսկելի դարձնելն էր: ԲԴԽ ժամանակավոր պաշտոնակատարի ձեռնադրմամբ քաղաքականացվեց այն մարմինը, որի սահմանադրական առաքելությունը դատական իշխանության ապաքաղաքականությունն ապահովելն էր»,- ասաց Կարինե Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է մեծաքանակ կարգապահական վարույթներին, ապա նախկին դատավորը կարծում է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կարելի է կարծիք արտահայտել միայն փաստական հանգամանքների և իրավական հիմնավորումներին ծանոթ լինելու պարագայում, հակառակ դեպքում՝ գործ կունենանք ֆեյսբուքային արդարադատության հետ, ինչը չափազանց վտանգավոր երևույթ է:

«Դատական իշխանության համար չափազանց վտանգավոր են ծայրահեղությունները: Պատեհապաշտ, Ֆեյսբուքում գովերգություններով առաջնորդվող դատավորը նույնքան վտանգավոր է, որքան իշխանության քիմքին միշտ հաճո որոշումներ ընդունողը: Դատական իշխանությունն իր մեջ ունի առողջ կորիզ, 75-80 տոկոս և ինքնամաքրվելու հնարավորություն, որը, սակայն, ԲԴԽ կազմի քաղաքականացված անդամների առկայության պայմաններում անհնար է»,- եզրափակեց Կարինե Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս