
ՊՎԾ-ում անձի պաշտամունքն ու Նիկոլ Փաշինյանին հավատարմության ցույցերը նոր բարձունքներ են գրավում

Երբ պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների բոլոր աշխատասենյակներում հրահանգով պատերից կախվեցին Նիկոլ Փաշինյանի լուսանկարները, աշխատասենյակների «տերերը» սկսեցին մեկը մյուսից անհեթեթ պատճառաբանություններ հորինել այն արդարացնելու համար:
Բայց որ արդեն դա որպես օրինակելի պահվածքի գերագույն դրսևորում կդիտարկվի ու մի բան էլ կտիրաժավորվի, անկեղծ ասած, վեր էր բոլոր սպասումներից:
Պետական վերահսկողական ծառայությունում (ՊՎԾ) պետի տեղակալ վերանշանակված Արա Եղոյանի աշխատասենյակում՝ ուղիղ վերջինիս գլխավերևում, բնականաբար, կախված է Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը: Ինքը լուսանկարվել է այդ ֆոնին, նկարը տեղադրել սոցցանցի իր էջում. իր գործն է:
Սակայն այդ լուսանկարը, փաստորեն, ՊՎԾ մեկ այլ աշխատակցի՝ Հայկ Նազարյանին, այնքան է ոգևորել, որ վերջինս Արա Եղոյանի լուսանկարը տեղադրել է իր էջում ու մի ձոն նվիրել դրան:
«Հպարտ եմ որ իմ վարչապետիս՝ մեր վարչապետի երկրի առաջին դեմքի նկարը կրում եք Ձեր թիկունքին, գլխավերևում։ Նրա մաքրությունն ու ազնվությունը պետք է կրեն բոլոր պետական կառավարման համակարգում աշխատող յուրաքանչյուր ոք։ Եվ սա ամենևի էլ ավելորդություն չէ սա է ապացույցը երկրի կողքին գտնվելու, և ի նպաստ աշխատել ցանկանալու»,- գրել է ՊՎԾ աշխատակից ներկայացող երիտասարդը:
Վերջինիս ֆեյսբուքյան էջի ֆոնային լուսանկարում, ի դեպ, պատկերված են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը․ փաստորեն վերջիններիս նկատմամբ նրա սերը այդքան մեծ է: