
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն ուղարկվել են Ղազախստան

ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջը:
Խաղաղապահ ուժերում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի Հանրապետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ:
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների հիմնական խնդիրը Ղազախստանի կարևոր պետական և ռազմական օբյեկտների պահպանությունն է, իրավիճակի կայունացման և այն իրավական դաշտ բերելու գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին աջակցելն է:
Ռուսաստանի Դաշնությունից ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերում ներգրավվել են օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները:
Նշվում է, որ ներկայումս Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով իրականացվում է ռուսական խաղաղապահ ստորաբաժանման տեղափոխությունը Ղազախստանի Հանրապետություն։
Ուժերի առաջապահ ստորաբաժանումներն արդեն ձեռնամուխ են եղել սահմանված խնդիրների իրականացմանը։