Նիկոլ Փաշինյանի ծառաները

Սոցիոլոգիայի, հոգեբանության ու կառավարման տեսություններում ներկայացվում է ռեֆերենտ խումբ հասկացությունը, որով բնութագրվում է այն խումբը, որը դրան պատկանող անձի վարքագծի, արժեքների ու նորմերի կողմնորոշման վրա ունի վճռորոշ ազդեցություն, և անձը հետևում է այդ խմբի ուղենիշներին։

Ցանկացած անհատ կյանքի ընթացքում, բնականաբար, պատկանում է մեկից ավելի, տասնյակ խմբերի, բայց հատկապես ռեֆերենտ խումբն է, որը նրա վարքագծի ու արժեքային կողմնորոշման վրա ուղղորդող նշանակություն ունի։

Ընդ որում, ամենևին պարտադիր չէ, որ անձն անվանապես պատկանի այն խմբին, որն իր համար ունի ռեֆերենտ խմբի նշանակություն, անհատը կարող է հետևել տվյալ խմբի նորմերին՝ առանց դրան անվանապես պատկանելու։

Տեսական այս մոտեցումներն ունեն նաև խիստ գործնական նշանակություն և կիրառվում են, այդ թվում՝ իշխանության բնույթն ու հանրության վրա ունեցած ազդեցությունը որոշելու նպատակով։

Իշխանությունը, ի թիվս այլ չափորոշիչների, արդյունավետ կամ անարդյունավետ, լավը կամ վատը, արժեքային համ հակաարժեքային է համարվում նաև այնքանով, թե որքանով այն կարող է ունենալ ռեֆերենտ խմբի նշանակություն հասարակության հնարավորինս մեծ թվով ներկայացուցիչների համար։

Ահա այս իմաստով Հայաստանի գործող իշխանությունն արձանագրել է սարսափելի տխուր պատկեր։

Բացառությամբ մի քանի տասնյակ ուսապարկերի, մի քանի հազար պետական ծառայողների ու մի քանի հարյուր թիկնապահների, իշխանությունը ռեֆերենտ խմբի նշանակություն չունի հանրության լայն շերտերի համար։ Նաև դա է գործող իշխանության մասնագիտական ու մարդկային անկարողության պատճառը։

Չնչին բացառություններով, որևէ կայացած մասնագետ, իր ոլորտում հեղինակավոր անհատ չի ցանկանում ոչ միայն ուղղակի իշխանության մաս կազմել, այլև անգամ հեռավոր ասոցիացիա ունենալ իշխանության հետ։ Եվ խնդիրը միայն մասնագիտական չէ։

Հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո իշխանությունը ցանկացած մտածող մարդու մոտ աֆիլացվում է հայրենիքի կորստի, հազարավոր զոհերի հետ։ Այս պայմաններում գործ ունենալ իշխանության հետ, նշանակում է՝ առնվազն անուղղակիորեն կիսել նաև այդ աղետների պատասխանատվությունը, ինչը, անգամ նվազագույն մակարդակի արժանապատվություն ունեցող անձանց համար ուղղակի անհնարին է։

Արդյունքում՝ իշխանությունը գլոբալ առումով դարձել է հասարակության ամենաստորին ու անորակ խավերի ներկայացուցիչների հավաքականություն, ընդ որում՝ այդ հարցում նոմինալ կրթությունն առաջնային չէ․ անորակ ու անարժեք կարող են լինել և ե՛ն նաև նախանձելի կրթություն ու դիպլոմ ունեցողները, որոնց պակասն այս իշխանության մեջ չկա։

Խնդիրն ավելի շատ արժեքային է ու քաղաքակրթական․ ոչ բոլորն են պատրաստ այն կոմպրոմիսին, որը պահանջվում է այս իշխանության հետ ասոցիացվելու համար։ Արդյունքում բազմաթիվ ունակ ու կարող, նաև հայրենասեր ու պետությանն իրապես ծառայելու պատրաստ մասնագետներ ուղղակի օտարվում են պետական կառավարման համակարգից, բայց դա ոչ թե այդ մարդկանց, այլ իշխանության խնդիրն է։

Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգի հիմքում դրել է իր անձին հավատարմությունն ու սկզբունքների, սեփական տեսակետների բացակայությունը։ Արդյունքում՝ պետական կառավարման համակարգը լցվել է անձանցով, որոնք այդտեղ են հայտնվել ոչ թե պետությանը, այլ իշխանությանը, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանին ծառայելու համար։

Բովանդակորեն նրանք ոչ թե պետական պաշտոնյաներ են ու պետական ծառայողներ, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական ծառաները, որոնք մխիթարվում են նրանով, որ իրենց աշխատասենյակների մուտքին փակցված է որևէ բարձրագոչ պաշտոնի անվանում։

Բայց դա արդեն ոչ թե բովանդակության, այլ ձևի պարագա է։

Այսպիսով, իշխանությունը Հայաստանում ոչ միայն չունի ռեֆերենտ խմբի նշանակություն, ինչը պարտադիր է առողջ հասարակության ու արդյունավետ պետական կառավարման համար, այլև ինքնին այնպիսի հակառեֆերենտ խումբ է, որից բոլոր նորմալ մարդիկ փորձում են հնարավորինս հեռու գտնվել։

Հարություն Ավետիսյան 

Տեսանյութեր

Լրահոս