Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն, որին հավատում ու վստահում են, որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար. ՀՀ նախագահի ուղերձը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի ուղերձ է հղել, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,
Ավարտվում է 2021 թվականը՝ մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի, պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան:
Իմ խորին հարգանքը՝ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին:Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը:
Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։
Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին ու հիվանդներին:
Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ այս օրերին մենք Ամանորը առաջին անգամ նշում էինք որպես Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիներ: 30 տարիները նշանավորվեցին թե՛ ձեռքբերումներով ու հաղթանակներով և թե՛, ցավոք, նաև` կորուստներով։
Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև:
Մեզ պետք է կամք՝ հաղթահարելու այդ փորձությունները։
Պետք է ունենանք նաև հստակ տեսլական և ծրագիր, լինենք ազնիվ և պատասխանատու:
Անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խոր գիտակցում: Ինքնությունը պետության անձնագիրն է, իսկ պետությունը՝ ազգային ինքնության երաշխավորը:
Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը:
Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար:
Իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները, մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատորեն մաս կազմել և ծառայել Հայրենիքին:
Սահմանադրության փոփոխությունը կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը, պետական կառույցների հավասարակշռմանը, ավելի ճկուն ու փոխկապակցված, ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը:
Վաղուց ժամանակն է գիտակցել, որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք՝ մեր բանակը,
մեր աշխատանքը, մեր միտքը:
Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն, որին հավատում ու վստահում են, որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար, որի շուրջը համախմբվում ենք բոլորս:
Ես իսկապես հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել մեր ապագան։
Հավատացե՛ք ձեր ուժերին, հարգե՛նք մեր երկիրը, հարգե՛նք յուրաքանչյուր հայրենակցի: Եվ աշխարհն ավելի կհարգի մեզ՝ որպես ժողովուրդ և որպես պետություն:
Սիրելի հայրենակիցնե՛ր,
Ամանորը հույսի, հավատի ու սպասումների տոն է: Վստա՛հ եմ, որ կարող ենք հաղթահարել այսօրվա մարտահրավերները: Վստա՛հ եմ, որ կարող ենք ամուր և անխոցելի սահմաններով, կայուն ու խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիվ երկիր դառնալ:
Հավատո՛ւմ եմ, որ կարող ենք միասին կառուցել ուժեղ Հայաստան: Տեսնու՛մ եմ այդ ճանապարհը:
Թող 2022 թվականը մեր երկրի, մեր ժողովրդի, ձեզնից յուրաքանչյուրի և ձեր ընտանիքների համար լինի առողջության, խաղաղության, հաջողության, լիության և առաջընթացի տարի:
Թող բոլորիս ընտանիքներում տիրեն ջերմությունը, համերաշխությունը, ուշադրությունը, հոգատարությունը և սերը միմյանց հանդեպ:
Շնորհավոր Նոր տարի»: