Պարզվեց, որ միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերը միֆ էին, լկտի սուտ. Քոչարյան
Տնտեսական անկումը 2020-ին եղել է 7,4 տոկոս, այս տարի կանխատեսվում է 4,2 տոկոս տնտեսական աճ, և նույնիսկ 2019-ի ցուցանիշներին հասնելու համար մենք այս տարի պետք է ապահովեինք առնվազն 8 տոկոսանոց տնտեսական աճ: Տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Չենք ապահովել, վստահ եմ, որ հաջորդ տարի ևս չենք ապահովելու, և ստացվելու է, որ 2020-2022 թվականները լինելու են տեղում կանգնած տարիներ»,- հավելեց նա:
Քոչարյանը հիշեցրեց, որ 2018-ին «կախարդական փայտիկի» մասին էր խոսվում.
«Պարզվեց, որ այդ փայտիկը ռևերսի ռեժիմով էր աշխատում: Դա ոչ թե մեր տնտեսությունը մեծացնելու համար էր, այլ ճիշտ հակառակը՝ ժողովրդին աղքատացնելու և տնտեսության ծավալները փոքրացնելու կախարդական փայտիկ էր:
Պետական պարտքը 9 մլրդ դոլարից անցել է և վերջին երեք տարում աճել է 2,3 մլրդ դոլարով: Սա նշանակում է, որ այս 4 տոկոսանոց կանխատեսվող կամ սպասվելիք տնտեսական աճի մի զգալի մասը պայմանավորված է պարտքի մեծացմամբ:
Գնաճը կազմել է 9,6 տոկոս: Ես 10 տարի նախագահ եմ եղել և չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անես, որ ունենաս 9,6 տոկոս գնաճ: Միջին գնաճը եղել է 2-3 տոկոս, սա է նորմալը: Նման գնաճի պարագայում, որպես պետություն՝ դու պարտավոր ես ինդեքսավորել թոշակներն ու աշխատավարձերը, ինչը չի արվում և չի էլ սպասվում:
Այս իշխանությունը կարծես շփոթել է երկնիշ թվերը գնաճի ու տնտեսական աճի միջև, տեղերը փոխվել են: Պետք է երկնիշ թվերով աճեր ոչ թե գնաճը, այլ տնտեսությունը: Մենք կարիք ունեն լրիվ այլ տնտեսական աճի տեմպերի, հակառակ դեպքում մեր անվտանգային հարցերը որևէ կերպ հնարավորություն չենք ունենալու լուծելու»,- հայտարարեց Երկրորդ նախագահը:
Անդրադառնալով ներդրումներին, նա ասաց, որ այս տարվա ընթացքում ևս պարզվեց, որ միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերը միֆ էին, լկտի սուտ:
«Այս մի քանի տարվա ընթացքում մարդկանց ավելորդ լավատեսություն էին հաղորդում, ինչի պատճառով մարդիկ մտել են մեծ սպառողական վարկերի բեռի տակ, և այսօր մենք կանգնած ենք լրջագույն խնդրի առջև՝ վարկային փաթեթների անորակ լինելու: Մեծ է հավանականությունը, որ ունենալու ենք ճգնաժամ այդ վարկերի սպասարկման տեսանկյունից»,- ընդգծեց Քոչարյանը: