Ինչո՞վ եք չափում կյանքի որակը. սա այն դեպքը չէ, որ կարելի է շուռ տալ իրականությունը
Տնտեսության երկնիշ աճերի վերաբերյալ անհարկի կանխատեսումներից չպրծած, այժմ էլ փորձում են մարդկանց համոզել, որ հիմա ավելի լավ են ապրում, քան ապրում էին մեկ կամ երկու տարի առաջ։ Կարծես մարդիկ չեն տեսնում ու չեն զգում, թե ինչ է կատարվում իրենց շրջապատում, հիմա՞ են ավելի լավ ապրում, թե՞ ապրում էին մեկ կամ երկու տարի առաջ։
Ի վերջո՝ եթե սկսել են ավելի լավ ապրել, ինչո՞ւ է երկրում խորանում աղքատությունը։
«Պետք է ասեմ, որ մենք այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից շատ ավելի շատ է, և դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները, նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում, ավելի լավ են ապրում, քան մի տարի կամ երկու տարի առաջ,- իր հերթական ֆանտաստիկ հայտարարությամբ բոլորին զարմացրեց էկոնոմիկայի նախարարը։ -Մենք ունենք անվանական շատ բարձր ՀՆԱ աճ և իրական ՀՆԱ աճ՝ 4-4,5 տոկոսի սահմանում։ Իրական աճի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ մարդկանց կյանքի որակը բարձրացել է` չնայած այսպիսի բարձր գնաճին»։
Թե որքանո՞վ է նախարարի այս պնդումը հիմնավոր, վկայում են ոչ թե տնտեսական աճի, այլ եկամուտների ու գնաճի ցուցանիշները։ Ոչ մի նշանակություն չունի՝ տնտեսությունն աճե՞լ է, թե՞ չի աճել։ Տնտեսությունը կարող է աճել, իսկ դրանից մարդկանց եկամուտները չավելանան, նույնիսկ նվազեն։ Կարող է լինել նաև հակառակը։
Մարդկանց կյանքի որակի լավացման գնահատականը տալիս է ոչ թե տնտեսության, այլ եկամուտների իրական աճը։
Եկամուտների իրական աճի վերաբերյալ պատկերացում կազմելու համար նախ պետք է տեսնել, թե ինչ է տեղի ունեցել աշխատավարձերի հետ։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա 10 ամիսներին միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 6,7 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսը կազմել է 6,9 տոկոս։
Այսինքն՝ գնաճը 0,2 տոկոսային կետով ավելի բարձր է եղել, քան միջին աշխատավարձի աճն է։
Սա նշանակում է, որ հասարակության աշխատող հատվածի աշխատավարձի տեսքով ստացվող եկամուտներն այս տարի ավելի քիչ են աճել, քան գները։
Շատ ավելի վատացել են հատկապես պետական հատվածում զբաղվածների կյանքի պայմանները։ Նրանց դեպքում միջին աշխատավարձը 10 ամսում ավելացել է 4,3 տոկոսով, իսկ գնաճն այդ ընթացքում կազմել է 6,9 տոկոս։
Հիշեցնենք, որ պետական համակարգում աշխատում է ավելի քան 207-208 հազար մարդ։ Այսքան աշխատող մարդու եկամուտների աճը ավելի ցածր է եղել, քան գնաճը։
Այլ բան, եթե նախարարը որոշել է հիմք ընդունել բացառապես հոկտեմբերի ցուցանիշը։
Հոկտեմբերին իսկապես, ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ տարվա համեմատ՝ միջին աշխատավարձն ավելի արագ է աճել, քան գնաճը։ Աշխատավարձի աճը կազմել է 10 տոկոս, իսկ գնաճը եղել է 9,1 տոկոս։
Այս ցուցանիշի վրա էլ, ըստ էության, նախարարը որոշել է կառուցել իր դարակազմիկ հայտարարությունը։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա դա բոլորովին չի նշանակում, թե մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, քան ապրում էին մեկ կամ երկու տարի առաջ։
Գնաճի իրական ազդեցությունն այն չէ, ինչ ներկայացնում է պաշտոնական վիճակագրությունը։ Կտրուկ թանկացել են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները։ Սննդամթերքի գները բարձրացել են ավելի քան 16 տոկոսով։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ դրան զուգահեռ՝ ինչ-որ ապրանքներ, որոնք հազարից մեկ կարող են օգտագործվել կամ ոչ, ավելի քիչ են թանկացել կամ նույնիսկ էժանացել են։
Ով չգիտի, որ գնաճի իրական ազդեցությունը մարդկանց վրա արտահայտվում է հիմնականում առաջին ահրաժեշտության և լայն սպառման ապրանքների շուկայում տեղի ունեցող փոփոխությունների տեսքով։ Իսկ այդ առումով իրավիճակը հաստատ շատ ավելի վատ է, քան նույնիսկ կարելի է պատկերացնել։
Բայց դա էլ մի կողմ թողնենք։
Երբ նախարարը նման աշխարհացունց հայտարարություններ է անում, գոնե գիտի՞, որ Հայաստանում աշխատողներից բացի, կան նաև մեծ թվով չաշխատող քաղաքացիներ կամ պարզապես գործազուրկներ։ Խոսքը 220-250 հազար մարդու մասին է։
Հիմա այս մարդիկ, նման բարձր գնաճի պայմաններում, սկսել են ավելի լավ ապրել, քան նախկինո՞ւմ էին ապրում։
Իսկ կենսաթոշակառուներն ու մյուս սոցիալական խմբե՞րը, որոնք կազմում են մեր հասարակության 15-20 տոկոսը։
Արձանագրվող բարձր գնաճի պայմաններում այս մարդկանց եկամուտները ոչ մի լումայով չեն ավելացել։ Ինչի՞ հաշվին պիտի այդ մարդիկ ավելի լավ ապրեին, քան ապրում էին նախկինում։ Գուցե անցած տարի 3 հազար դրամով բարձրացված կենսաթոշակի՞, երբ դրան նախորդած 3-4 տարիներին կենսաթոշակների որևէ բարձրացում չի եղել, ու այս մարդիկ տուժել են արձանագրված, անգամ ոչ բարձր գնաճից։ Շարունակելու են տուժել նաև հաջորդ տարի, որովհետև հաջորդ տարի էլ նրանց մոտ եկամուտների ավելացում չի նախատեսվում։
Անգամ կենսաթոշակների ու նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո անցած տարի Հայաստանում աղքատությունը խորացել է, կտրուկ ավելացել է հատկապես աղքատության վերին շեմում գտնվողների քանակը, ինչը նշանակում է, որ մարդիկ սկսել են ավելի վատ ապրել։ Այս տարի դրան գումարվել է նաև բարձր գնաճը։ Կենսաթոշակների ու նվազագույն աշխատավարձի բարձրացում էլ չի եղել։
Որտեղի՞ց է երևում, որ այս խմբերում ընդգրկված մարդկանց կյանքի որակը լավացել է։
Պարզ է, որ չէր կարող լավանալ, եթե այդ մարդկանց եկամուտները չեն ավելացել, իսկ գները, այն էլ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների ու սննդամթերքի դեպքում, երկնիշ աճել են։
Թե ի՞նչն է ստիպել նախարարին շուռ տալ իրականությունը, հավանաբար հասկանալի է։ Բայց դա չի նշանակում, որ դրանով իշխանություններին մեծ լավություն են անում։ Ի վերջո, մարդիկ նախարարի ասելով չեն որոշում՝ բարելավվե՞լ է իրենց կյանքի որակը, թե՞ ոչ։
Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում սպառողական ապրանքների շուկաներում ու իրենց եկամուտների կառուցվածքում։ Տեսնում են, որ ստիպված են նույն քանակությամբ ապրանք գնելու համար անհամեմատ ավելի մեծ գումար վճարել, քան վճարում էին նախկինում։
Այնպես որ, թե ինչ կասի նախարարը, ոչ մի նշանակություն չունի։ Սա այն դեպքը չէ, որ կարելի է մարդկանց մոլորեցնել կամ հակառակում համոզել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ