«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը» Մոնթե Մելքոնյան
Նա Հայաստան եկավ այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: 1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկավ Երևան, յոթ ամիս աշխատեց Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։ Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: Մի քանի ծանր մարտերից հետո` 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարում են Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեցին Քարվաճառը, Օմարի լեռնանցքը: «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։
«Մոնթեն անմնացորդ սիրում էր իր ազգը։ Հայ եկեղեցին մի լավ աղոթ ունի, հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։ Կարծես Մոնթեի մասին է ասված»,- Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի մասին ասել է Պարգև Սրբազանը:
Մոնթեն և զինվոր էր, և հրամանատար: Մարտական ընկերները պատմում են, որ Մոնթեն խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների հանդեպ: Մարտունեցիները պատմում են, որ նաև հոգատար էր զինվորների նկատմամբ։
Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ։ Հաճախ լվանալ ու կարկատել էր տալիս իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար…