«Նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում մեր քաղաքացիներն ավելի լավ են ապրում, քան 1 կամ 2 տարի առաջ»․ Վահան Քերոբյան

«Մենք անհանգստացած ենք գնաճի մակարդակով, թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մեր աշխատանքները շարունակվում են, թե նախարարության ներսում, թե ԿԲ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ աշխատում ենք, որպեսզի արդեն հատ-հատ ապրանքային խմբերով փորձենք զսպել գնաճը՝ օգտագործելով այն գործիքները, որոնք մենք ունենք։ Դա կարող է լինել բեռնափոխադրումների սուբսիդավորում, կարող է լինել որոշակի աչալուրջ ուշադրություն տարբեր տեսակի ապրանքների մանրածախ գնագոյացման նկատմամբ և այլն։ Այնուամենայնիվ պետք է ասեմ, որ մենք այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից շատ ավելի շատ է և դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մի տարի կամ երկու տարի առաջ»,- ասաց նախարարը։

Ի պատասխան հարցի՝ դուք տնտեսական աճի վերաբերյալ վերջին շրջանում բավականին բարձր թիվ էիք նշել, մինչդեռ Կենտրոնական բանկը բոլորովին վերջերս 4.5% տնտեսական աճի մասին հայտարարեց, Քերոբյանը նախ հետաքրքրվեց՝ 4.5, թե՞ 5.3 են ասել, ապա լրագրողի դիտարկմանը, որ ամեն դեպքում երկնիշ տնտեսական աճ չկա, ինչպես դուք էիք հայտարարել, պատասխանեց․

«Եկեք սպասենք, տարին վերջանա, կամփոփենք բոլոր թվերը։ Բնականաբար, թվերն այնպիսին են, որ իրական տնտեսական աճը 10%-ից ավելի չի լինի հաստատ, դա արդեն պարզ է, տարին կամփոփենք, կհասկանանք՝ անվանական աճն ինչքան է եղել, իրական աճն ինչքան է եղել, ինչքան է եղել գնաճը, ինչ ազդեցութոյուն է ունեցել գնաճն իրական աճի վրա, և դրանից հետո արդեն կկարողանանք մանրամասն խոսել։ Իրական տնտեսական աճը երկնիշ չի լինելու»։

Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում անդրադարձել էր նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթգծի կառուցմանը։

Լրագրողները Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք կա՞ն նախնական հաշվարկներ, որքա՞ն է արժենալու երկաթգծի կառուցումը։

«Այդ գնահատականներն ունի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ես այս պահին չգիտեմ, բայց գիտեմ, որ շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան անցումը՝ Երասխի մոտ, այնտեղ, կարծեմ՝ ընդամենը մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է։ Երկրորդ՝ մի քիչ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որն արդեն բավականին ծախսատար է, որովհետև նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է, և ճանապարհը դարձել է ավտոմեքենայի ճանապարհ, կարող է նոր ճանապարհի անհրաժեշտություն լինի, կարծում եմ, որ այստեղ հստակ նախագիծ չունենք, և չունենք նաև մոտավոր գնահատական, բայց կարծում եմ, որ մոտ 200 միլիոն դոլարի սահմաններում կլինի ներդրումը։ Իսկ ավելի խոշոր ներդրումը սահմանից մինչև Հորադիզ՝ արդեն Ադրբեջանի տարածքում, երկաթգծի կառուցումն է, որովհետև այնտեղ էլ է ապամոնտաժված երկաթգիծը, և այնտեղ ներդրումներն արդեն բավական խոշոր են։ Ճշգրիտ թվերը չեմ կարող ասել, բայց իմ հիշելով՝ 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու, որպեսզի այդ հատվածը վերագործարկվի․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս