Ամեն ինչ անում են մարդկանց կյանքը դժոխքի վերածելու համար. Ամանորից հետո քաղաքացին կբախվի նոր սթրեսի

Փոխարենը մտածեն մարդկանց կյանքը թեթևացնելու մասին, իշխանություններն ամեն ինչ անում են այն դժոխքի վերածելու համար։ Բոլոր խնդիրները լուծել են՝ հիմա էլ անցել են կանխիկ գործարքների սահմանափակմանը։

Նախատեսում են այնպիսի սահմանափակումներ կիրառել, որոնք պատուհաս են դառնալու շատերի համար։ Դրան քաղաքացիները կբախվեն արդեն Ամանորից հետո։

Ճիշտ է ասված՝ կիսագրագիտությունն առավել կործանարար է, քան տգիտությունը:

Հաջորդ տարվանից առևտրի, ծառայությունների և բազմաթիվ այլ գործարքներ կատարելու ժամանակ կգործի անկանխիկ գործարքների համակարգը։ 300 հազար դրամից ավելի գործարքները քաղաքացիները ստիպված կլինեն իրականացնել միայն անկանխիկ եղանակով։ Չհաշված բացառությունները, որոնց դեպքում ընդհանրապես արգելվելու են կանխիկ գործարքները։

«Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում, ինչպես նաև ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների (այդ թվում՝ տրամադրված և ստացված փոխառություններ և դրանց դիմաց ստացված տոկոսներ)՝ որի մի կողմը ֆիզիկական անձ է, դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն»,- սա մեջբերում է անկանխիկ գործառնությունների մասին այն օրենքից, որն իշխանությունները պատրաստվում են գործողության մեջ դնել հաջորդ տարվա հունվարի 1-ից։

Պատկերացրեք, մարդը հեռավոր մի գյուղից եկել է Երևան և ուզում է իր տան համար, ենթադրենք՝ սառնարան կամ բազմոց գնի, որի արժեքը գերազանցում է 300 հազար դրամը։ Այդ դեպքում նա պարտադրված է վճարում կատարել անկանխիկ՝ բանկային քարտով կամ այլ տարբերակով։

Մեկ այլ թեմա է քարտով վճարելը։

Ենթադրենք՝ այսօր շատերն ունեն բանկային քարտեր, բայց դեռ հարց է, թե նրանց քանի՞ տոկոսն է ի վիճակի դրա միջոցով օնլայն փոխանցումներ ու վճարումներ կատարել։

Այս օրենքով, ընդհանրապես արգելվում է կանխիկ վճարումներ կատարել փաստաբանական և նոտարական ծառայությունների դիմաց՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից»: Բացառապես անկանխիկ ձևով են լինելու նաև գրավատների կողմից 20 հազար դրամը գերազանցող վարկերը։

Ընդհանրապես արգելվելու է կանխիկ վճարումները բժշկական ծառայությունների համար։

Թե ինչպիսի դժվարություններ ու խառնաշփոթ են ստեղծելու այս սահմանափակումները քաղաքացիների համար, դժվար չէ պատկերացնել։ Դրան ականատես կլինենք, երբ հունվարի 1-ից օրենքը սկսի գործել։

Խնդիրը, սակայն, ամենևին էլ կանխիկ գործարքները սահմանափակելուն դեմ լինել-չլինելու մեջ չէ։ Այսպես թե այնպես, ժամանակն աշխատում է դրա օգտին։ Մարդիկ աստիճանաբար անցնում են անկանխիկ գործարքների։

Վերջին տարիներին անկանխիկ գործարքները Հայաստանում մեծ քայլերով ավելանում են։ Բայց դա տեղի է ունենում առանց պարտադրանքի, քաղաքացիների սեփական ցանկությամբ ու հարմարավետությունից ելնելով։ Անկանխիկ վճարումները, անշուշտ, շատ ավելի համարավետ են։

Խնդիրը դրա մեջ չէ։ Խնդիրը նրանում է, թե ինչո՞ւ են այն ուզում պարտադրել քաղաքացուն, երբ ամեն ինչ իր բնականոն հունով գնում է ու ամենևին էլ վատ չի գնում։

Բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, Ճապոնիայում, Մալթայում, Հունգարիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Սլովենիայում, Սինգապուրում կանխիկ գործարքների որևէ սահմանափակում չկա։ Երկրներում էլ, որտեղ կան սահմանափակումներ, շատ ավելի ազատական են, քան պատրաստվում են անել Հայաստանում։

Փաստացի սահմանափակումներ չկան հետևյալ երկրներում՝

ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ավստրիա, Գերմանիա, Ֆինլանդիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Ճապոնիա, Մալթա, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Շվեդիա, Դանիա,  Նորվեգիա, Սլովենիա,  Սինգապուր, և այլն։

Օրնակ՝ Ֆրանսիայում սահմանափակումը սկսվում է 1000 եվրոյից, Հունաստանում՝ 1,5 հազար եվրոյից, Իտալիայում՝ 3 հազար եվրոյից, Չեխիայում՝ 14 հազար դոլարից, Ռումինիայում և Բուլղարիայում՝ 5,1 հազար դոլարից։ Իսկ Հայաստանում որոշել են, որ պետք է կիրառվեն 600 դոլարից բարձր գնումների վրա։

Տպավորություն է, որ համարյա բոլոր ոլորտներում այս իշխանությունների գործելաոճը մեկն է՝  փնտրել և գտնել աշխարհի այս կամ այն երկրներում կիրառվող սահմանափակումները, և անհապաղ դրանք ներառել Հայաստանի գործող օրենսդրության մեջ։  Իսկ թե ինչ կործանարար հետևանքներ կունենան դրանք՝  կարծես չի հուզում ոչ մեկին։

Կանխիկ գործարքների սահմանափակման հետ կապված խնդիրը նաև նրանում է, թե այսօր մեր հասարակությունն ու ընդհանրապես առկա վճարումների համակարգը որքանով է պատրաստ գնալ այդպիսի ծայրահեղ քայլի։

Դրա համար նախ պետք է բարձրացնել հասարակության ֆինանսական գրագիտությունը, մշակույթ ձևավորել, որպեսզի մարդիկ կարողանան և ինքնակամ ցանկանան օգտվել այդ գործիքից։ Հարկավոր է ստեղծել նաև անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Այստեղ է, որ բախվում ենք դառն իրականության հետ։ Թե՛ մեկ, և թե՛ մյուս առումներով խնդիրների պակաս չկա։ Ու դա վաղը լուրջ գլխացավանք է դառնալու շատերի համար։

Կասկած չկա, որ հասարակության մեծ մասն այսօր պատրաստ չէ դրան։

Առավել ևս, եթե հաշվի առնենք այն ոչ պակաս կարևոր հանգամանքը, որ առկա սոցիալական խնդիրների հետևանքով՝ այսօր բազմաթիվ քաղաքացիներ պարտքերի տակ են, ու նրանց հաշիվները սառեցված են։ Ի՞նչ պիտի անեն այդ մարդիկ, եթե ստիպված լինեն դիմել անհետաձգելի բժշկական օգնության համար։

Եթե նույնիսկ համարենք, որ կանխիկ գործարքների սահմանափակումն այդքան անհրաժեշտություն է՝ միևնույն է, այս պահին դա խիստ ժամանակավրեպ է Հայաստանի համար։ Այն լինելու է բացառապես ի վնաս քաղաքացու։ Դա միջոց է, որից շահելու են բանկերը, տուժելու են քաղաքացիները, տնտեսությունն ու տնտեսական գործունեություն իրականացնողները։

Անկանխիկ փոխանցումների համար կան միջնորդավճարներ, որոնք երբեմն հասնում են 1,5-3 տոկոսի։ Ճիշտ է, այդ գումարն արտաքուստ գանձվում է ոչ թե քաղաքացուց, այլ կազմակերպությունից, բայց միևնույն է, այն վճարում է սպառողը՝ ապրանքների կամ մատուցվող ծառայությունների գների բարձրացման տեսքով։

Իշխանությունների այս քայլը սեփականության ինստիտուտի և տնտեսության վրա հերթական տգետ «կացինն է». տնտեսության վրա դրա խայտառակ բացասական  ազդեցության մասին  կարելի է նույնիսկ գիրք գրել։

Իսկ միգուցե մարդիկ իրենց ունեցվածքը, սեփականությունը, ստացած ժառանգությունը նո՞ւյնպես տնօրինեն, տիրապետեն ու կառավարեն բացառապես բանկերի միջոցով։ Այսինքն, փոխանցեն բանկերին՝ հետո կմտածենք…

Պարզ ասած՝ այս օրենքի գործի դրման պարագայում   քաղաքացիների բնակարաններն ու ավտոմեքենաները, ողջ ունեցվածքը, կարելի է ասել, հանձնվում է բանկերին, իսկ «պետությունն» օրենքով սահմանում է, թե դրանց  ո՞ր մասից կարող են սեփականատերերը միանվագ օգտվել։

Նորմա՞լ է…  Ի՞նչ տարբերություն մարդկանց ստացած եկամուտների, աշխատավարձի ու թոշակի և մնացած սեփականության միջև…  Փողն այլևս մարդկանց սեփականությունը չէ՞։  Թե՞ Սահմանադրությունը փոխվել է։

«Քաղաքակիրթ աշխարհում այսպես է…», կամ՝ «Ամբողջ աշխարհում այդպես է…» փաստարկներով առաջնորդվողներին էլ տեղեկացնենք, որ լավագույն դեպքում անտեղյակ են, իսկ եթե տեղյակ են, ուրեմն՝ պարզապես ստում են, որովհետև «ամբողջ աշխարհում» այդպես չէ։ Նույնիսկ գերզարգացած երկրներում, ինչպես արդեն ներկայացրեցինք,  ներքին շուկայում կանխիկի շրջանառության այս կարգի սահմանափակումներ չկան։

«Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում…» փաստարկն էլ իսպառ չի աշխատում, որովհետև այս գործիքն առավել սրելու է ստվերային գործարքների գնալու մղումն ու շարժառիթները, բանկերն էլ, բնականաբար, սրբավայրեր չեն։ Հետևանքն իրեն երկար սպասել չի տալու՝ ստվերային գործարքներն ու կոռուպցիան նոր թափ են հավաքելու Հայաստանում։ Բացի այդ՝ վիրտուալ վճարային միջոցների (Բիթքոին, և այլն) այսպիսի լայն թափով տարածման պարագայում կանխիկ շրջանառությունը է՛լ ավելի է վերածվում միակ և հարաբերականորեն ամենաազնիվ վճարամիջոցի։

Երկրների սահմանային կետերում կանխիկի ներմուծման վրա սահմանափակումներ կան՝ այո, և դա հասկանալի է, և նորմալ է։

Լրիվ այլ իրավիճակ է երկրների ներքին շրջանառությունում։

Ընդհանրապես առկա են հիմնական երեք տեսակի կարգավորումներ.

երկրների, մանավանդ զարգացած ու գերզարգացած տնտեսություն ունեցող երկրների ճնշող մեծամասնությունում ներքին կանխիկ շրջանառության սահմանափակումներ չկան։

Այո, չկա՛ն…

Նրանցից մի քանիսում սահմանված են կանխիկի տարբեր սահմանաչափեր, որոնցից ավելինի պարագայում՝  կամ տեղում հայտարարագրվում է ծագման աղբյուրը, կամ պետությանն իրավունք է վերապահվում պարզել ծագման աղբյուրը, կամ սահմանված է սահմանաչափ, որից ավելիի դեպքում վճարողը  համապարտ պատասխանատվություն է կրում վաճառողի կողմից հարկերը չվճարելու դեպքում, օրինակ՝ Դանիա (մեր պարագայում՝ անիրատեսական, եթե չասենք՝  լրիվ աննորմալ կարգավորում), ուրիշ ոչինչ։ Սա բացարձակ չի կարող համարվել սահմանափակում։

Օրինակ՝ եթե այս օրինագծի հեղինակների համար պաշտելի ԱՄՆ-ում որոշակի սահմանաչափից (10 հազար դոլար) ավելի կանխիկ գործարք է կատարվում, ապա վաճառողը պարտավոր է գնորդից պահանջել լրացնել պետության կողմից սահմանված ձևաչափի հայտարարագիր։ Ծայրահեղ դեպքում ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոն իրավունք ունի 3 ժամից ոչ ավելի ժամանակահատվածով հրավիրել և պարզել դրա ծագման աղբյուրը։ Այլ բան պարզապես չկա։

Ակնհայտ է, որ այս գործիքն առավելապես ուղղված է ահաբեկչության, թմրաբիզնեսի, փողերի լվացման և այլ արգելված գործունեությունները բացահայտելուն ու կանխելուն, և ոչ երբեք՝ քաղաքացիների ողջ ունեցվածքն ու սեփականությունը բանկերի  կառավարմանը հանձնելուն, իսկ եկամուտներն ու խնայողությունները պարտադիր բանկերում պահելուն։

Ի դեպ, նման փոփոխություն տարիներ առաջ փորձել է Հայաստանում ներդնել ԿԲ նախկին նախագահ և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, բարեբախտաբար, չհաջողվեց նրան:

Այնպես որ, այս ամենից տուժողը կրկին լինելու է ՀՀ քաղաքացին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս