Կառավարությունն անկյուն է քշվել

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը դադարել է խոսել տնտեսության մասին։ Կառավարության նիստերում նախկինի նման այլևս շոուներ չեն բեմադրում տնտեսական զարգացումների վերաբերյալ։ Գործերը տնտեսության մեջ լավ չեն ու, ինչպես միշտ, դա ստիպել է առժամանակ մոռանալ տնտեսության մասին։ Ասելիք կա, բայց ասելու չէ։

Չնայած այնպես չէ, որ մյուս ոլորտներում վիճակը ավելի լավ է։ Բոլոր տեղերում էլ նույնն է։ Ո՛չ սահմաններին է հաջողվում կայունություն մտցնել, ո՛չ արտաքին միջավայրում հաջողություններ կան, ո՛չ էլ ներսում է մի բան ստացվում։ Ամենուրեք նույն անկայուն ու անհանգիստ վիճակն է։

Գոնե քայլեր անեին ներքին լարվածությունը թուլացնելու համար, դա էլ չեն կարողանում կամ չեն ուզում անել։

Անընդհատ փորձում են լարվածության նոր օջախներ ստեղծել՝ մարդկանց ուշադրությունն իրական խնդիրներից շեղելու համար։ Թեև դա էլ այլևս չի օգնում։ Շատերը հասկացել են, որ գործ ունենք իշխանության կազմակերպած շոուների հետ, որոնց տակ իրականում բան չկա։ Իշխանափոխությունից հետո այդպիսի շոուներ շատ են խաղարկվել, բայց ի՞նչ օգուտ։ Դրանից ի՞նչ է շահել երկիրը, բացի այն, որ պառակտել են հասարակությանը։ Այսօր էլ նույն եռանդով շարունակում են պառակտել։

Փոխարենը այս դժվարին ժամանակներում մտածեին հասարակությանը միավորելու և ի հայտ եկած խնդիրներին միասնաբար դիմակայելու մասին՝ անընդհատ խորացնում են լարվածությունը։ Նույնիսկ չեղած տեղից լարվածություն են ստեղծում, սրան-նրան մեղադրում հազար ու մի մեղքերի մեջ, իրենց ձախողումներն ու ձախորդությունները փաթաթում ուրիշների վզին՝ միայն թե իրենք մաքուր դուրս գան։

Այս ամենը երկրի շահերից չի բխում։ Բայց գնում են հենց այդ ճանապարհով։

Տարածաշրջանային ու ներքաղաքական խնդիրները քիչ են, գնալով լարվում է տնտեսական ու սոցիալական իրավիճակը։

Վաղուց արդեն տնտեսությունը մատնված է ինքնահոսի։ Տնտեսվարողներն անընդհատ նոր դժվարությունների ու խնդիրների են բախվում, չգիտեն՝ ինչ է իրենց սպասվում վաղը, իշխանություններն ապագայից են խոսում, նախկին խոստումները ձախողելուց հետո կրկին խոստումներ են տալիս, երևակայական աճեր են կանխատեսում։

Այսպես մինչև ո՞ւր։

Հարցի պատասխանը պարզ է, բայց դա չի բխում երկրի ու ժողովրդի շահերից։

Տնտեսական իրավիճակի ուղղակի արտացոլումն է սոցիալական վիճակը։

Լավ է, գոնե այս տարի քաղաքացիների մի մասին հաջողվեց արտագնա աշխատանքի մեկնել ու դրսում վաստակած գումարների հաշվին ինչ-որ կերպ լուծել իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները։ Եթե դա էլ չլիներ, դժվար չէ պատկերացնել, թե հիմա երկրում ուր էր հասել սոցիալական լարվածությունը։ Հատկապես այսպիսի բարձր գնաճային միջավայրի ու մասսայական թանկացումների պայմաններում։ Գները ուտում են մարդկանց եկամուտները, իսկ իշխանություններն էշի ականջում քնած են ձևանում՝ ո՛չ տեսնում են, և ո՛չ էլ լսում։

Այստեղ էլ ոչ մի հարց չեն կարողանում լուծել։ Դրսում ապրանքները թանկանում են, ներսում գները բարձրանում են, դրսում էժանանում են, ներսում գներն այլևս չեն իջնում։

Կամ դոլարը թանկանում է, ասում են՝ ներմուծումը դրա հետևանքով թանկացել է։ Դոլարը էժանանում է, ներմուծվող ապրանքները չեն էժանանում, այլևս չեն ասում, թե ինչո՞ւ դոլարի էժանացումը չի հանգեցնում գների նվազման։ Գները չեն կարողանում կարգավորել կամ թանկացումները մեղմացնել, գոնե մտածեն մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին։ Բայց դա էլ չեն անում։ Մարդիկ ստիպված են ինքնուրույն մտածել իրենց գլխի ճարը տեսնելու մասին։

Տնտեսական կյանքը Հայաստանում մեռած է, սոցիալականն էլ ավելի վատ է։

Թանկացումներից մարդիկ չեն կարողանում գլուխ բարձրացնել։ Այնտեղ ենք հասել, որ հայտարարում են, թե ամանորյա տոնական օրերը կրճատում են, որ գնաճը մեղմեն։

Արդեն փրփուրներից են կախվում։ Պատկերացնո՞ւմ եք, թե աբսուրդն ուր է հասել։

Արտաքին հարաբերություններում հաջողություններ չունենք, անվտանգության ոլորտում չունենք, պաշտպանության ոլորտում չունենք, տնտեսության մեջ չունենք, սոցիալական հատվածում չունենք, պետական կառավարման մեջ չունենք, ոչ մի տեղ հաջողություն չունենք, ու առաջիկայում էլ հույս չկա, որ ունենալու ենք։

Թե այսքանից հետո ի՞նչ ենք սպասում այս իշխանությունից, չես կարողանում հասկանալ։

Ոչ մի տեղ լավ բան չկա, առաջընթաց չկա, բայց էլի մարդիկ կան, որ լավ բանի են սպասում։ Չորս տարի է՝ այդ հույսով սպասում են ու դեռ պատրաստ են սպասել։ Ոչինչ, որ այս իշխանության գոյության ամեն մի օրվա համար երկիրը ծանր գին է վճարում։ Կեղծ խոստումներ տալուց բացի, ոչինչ չեն կարողանում անել երկիրն այս վիճակից հանելու համար։

Տնտեսությունն այսպիսի պայմաններում զարգացման հեռանկարներ չունի։ Զարմանալի չէ, որ տնտեսական աճի տեմպն այդքան ցածր է։ Գնալով ավելի է ցածրանում։

Տնտեսությունը կոնսերվացված վիճակում է։ Արձանագրվող աճն էլ հիմնականում անցած տարվա էֆեկտի կամ, այլ կերպ, ցածր բազայի արդյունք է։

Որոշ չափով օգնել է նաև արտաքին բարենպաստ միջավայրը։ Դրսից տրանսֆերտների տեսքով բավական մեծ գումարներ են եկել. 9 ամսում՝ ավելի քան 1,5 մլրդ դոլար, ինչը համարժեք է մեր ՀՆԱ գրեթե 15-20 տոկոսին։

Բայց անգամ այդպիսի պայմաններում տնտեսությունը նորմալ չի աճում, չի կարողանում վերականգնվել։ Իսկ իշխանությունները, խոսելուց բացի, այլ բան ընդունակ չեն անել։ Երբ լսում ես, նոր ծրագրեր են պատրաստվում իրականացնել, բայց այդպես էլ չենք տեսնում այդ ծրագրերը։

Ո՞ւմ է պետք այսպիսի իշխանությունը, երբ ո՛չ տնտեսություն են կարողանում զարգացնել, ո՛չ սոցիալական խնդիրները լուծել, և ո՛չ էլ երկրի անվտանգությունն ապահովել։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս