Տարածաշրջանային «3+2» պլատֆորմը պետք է դիտարկել՝ որպես հետպատերազմյան եռակողմ երկու փաստաթղթերի շարունակություն․ Տարասով
Նախօրեին Մոսկվայում կայացել է տարածաշրջանային 3+3 խորհրդատվական ձևաչափով առաջին հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, ՌԴ ԱԳՆ հրավերով Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։
«Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ-ն ևս հաղորդագրությամբ անդրադարձել է հանդիպմանը՝ նշելով, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:
«Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմապլան համագործակցության զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել այն գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար: Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունը առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում, հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին: Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել ձևաչափին Վրաստանի միանալու հարցի շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ անդրադարձում։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախ նշեց, որ Թուրքիան վերջին երկու տասնամյակների ընթացքում մի քանի անգամ տարածաշրջանային տարբեր խնդիրների կարգավորման համար առաջարկել է վեցակողմ կամ հնգակողմ համագործակցության ձևաչափ։
Նրա խոսքով, ի վերջո, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե՛ Ցյուրիխյան գործընթացները ևս տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործընթացներ են եղել և տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար, դա նոր կամ խորթ գործընթաց չէ։ Եվ դրականը, ըստ Տարասովի, այն է, որ նույնիսկ հետպատերազմյան տարածաշրւջանում հաջողվել է Հայաստանին և Ադրբեջանին նստեցնել այդ բազմակողմ սեղանի շուրջ, որտեղ Անկարան ու Երևանը, Երևանն ու Բաքուն ունեն խնդիրներ, իսկ բացասականն այն է, որ Վրաստանը չի միացել ձևաչափին՝ ՌԴ-ի ներկայության և իր ռազմավարական դաշնակիցների բացակայության պատճառով։ Սակայն ռուս վերլուծաբանն այն կարծիքին է, որ Վրաստանի մասնակցել-չմասնակցելու հարցը միայն ժամանակի հարց է, քանի որ Վրաստանը չի կարող դուրս մնալ տարածաշրջանային որոշումների կայացումից, կարևոր քննարկումներից և ինչ-որ փուլում ստիպված է լինելու մասնակցել պլատֆորմի աշխատանքներին, այլապես կվտանգի իր շահերը։
Նրա խոսքով, Թբիլիսին շարունակելու է այս հարցում հետևել Արևմուտքի կարծիքին, որը ներկայումս բացասական է, քանի որ Արևմուտքը չի ցանկանում կորցնել իր ազդեցությունը հատկապես տարածաշրջանում, երբ պատերազմից հետո այդ ազդեցությունը վերականգնելու ջանքերը լիովին չեն հաջողվում։
«Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համար այս ձևաչափը հնարավորություն է՝ խորացնել համագործակցությունը և ամրապնդել տարածաշրջանային վերահսկողության այս եռյակի դերը։ Նրանց ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի կողքին թույլ կտա ավելի հավասարակշռված, փոխշահավետ որոշումներ կայացնել։ Փոքր երկրներին սա հնարավորություն կտա լուծել հարցերը քիչ վնասներով։ Ի վերջո, վերջնական արդյունքը պետք է լինի ճանապարհների բացումը, որից տարածաշրջանը կսկսի շնչել։ Պլատֆորմի հաջողությունից է կախված՝ արդյո՞ք այն կընդլայնվի և ավելի բարձրաստիճան ձևաչափի կհասնի։ Կարծում եմ՝ վերջնանպատակը պետք է լինի որոշումները բարձր մակարդակով ֆիքսելը, որին դեռ հասնել է պետք, քանի որ կան՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ ենթակառուցվածքային, տնտեսական, էներգետիկ ու աշխարհաքաղաքական խնդիրներ։ Այս պլատֆորմում այս ամենը պետք է կարողանան միավորել»,- ասաց Տարասովը։
Նա գտնում է, որ այս պլատֆորմը Հայաստանի համար նաև հնարավորություն է՝ Անկարայի հետ նստել մեկ սեղանի շուրջ։
«Տարածաշրջանի բոլոր ճանապարհների ապաշրջափակում առանց Երևանի ու Անկարայի հնարավոր չէ, նույնիսկ այս գործընթացը շատ ավելի վաղ պետք է սկսվեր։ Այս գործընթացը պետք է դիտարկել՝ որպես հետպատերազմյան եռակողմ երկու փաստաթղթերի շարունակություն։ Այդ փաստաթղթերի իրագործումը ենթադրում էր գործընթացին Անկարայի մասնակցությունը, Թեհրանը ևս հայտ էր ներկայացնում և ունի օրակարգ Մոսկվայի, Անկարայի հետ, ուստի սա հնարավորություն է մեկ տեղում քննարկել այս հարցերը և կայացնել տարածաշրջանի համար նոր որոշումներ»,- ասաց Տարասովը։
Վերջինիս կարծիքով, ոչ մի սցենար պետք չէ բացառել, այդ թվում՝ և այն, որ չհաջողվի շարունակել այս ձևաչափը, որի հնարավորությունները, սակայն, չափազանց փոքր են։
Հարցին, թե հաջողվելո՞ւ է արդյոք այս պլատֆորմի շրջանակում պահպանել հայկական կողմի պայմանը, Տարասովը պատասխանեց, որ հայկական կողմը հասկանում է, թե ինչ պլատֆորմ է սա։
Մյուս կողմից, նրա խոսքով, ամեն ինչ նախնական է, ու աշխատանքի ընթացքում են հստակեցումները լինելու։
«Հասկանալի է, որ Երևանը հայտարարություններ է անում նաև Արևմուտքի համար, չի ցանկանում կորցնել նաև Մինսկի խումբը, կարծում եմ՝ այդ ձևաչափում շեշտը լինելու է բազմակողմ համագործակցության վրա, իսկ առանձին հարցերը գուցե այլ ձևաչափերով և նախկին ռեժիմով շարունակեն քննարկվել։ Կարծում եմ՝ Մոսկվան և ԵԱՀԿ ՄԽ-ն իրենց ներկայիս դերերը չեն կորցնելու»,- ասաց նա։