Անպաշտպան Հայաստանի գերպաշտպանված վախեցածը

Քաղաքականության մեջ ատրիբուտները մեծ նշանակություն ունեն։ Նաև դրանց միջոցով է էլիտան, բայց առաջին հերթին իշխանությունն ուղերձներ փոխանցում քաղաքացիներին, ներքին ու արտաքին լսարաններին։ Իշխանության գալուց հետո հեծանվով աշխատանքի գնացող Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ շրջում է հարյուրավոր թիկնապահներով, դիպուկահարների զինված հայացքի ներքո, երկարաձիգ ավտոշարասյուներով։

Հարցի բարոյական ու գեղագիտական կողմի մասին շատ է խոսվել առաջին հերթին այն տեսանկյունից, որ իր կարիերան նաև այլոց թիկնապահների քննադատությամբ կերտած Փաշինյանի կողմից նման վարքագիծն առնվազն անբարոյականություն է։ Բայց կա խնդրի մեկ այլ՝ շատ ավելի խորքային ու վտանգավոր շերտ։

Երբ պետության ղեկավարը սեփական երկրում տեղաշարժվում է զինված դիվիզիաներով, նա այդպիսով ուղերձ է հղում բոլորին, որ Հայաստանը կյանքի համար վտանգավոր է։

Կամայական դիտորդի մոտ, բնականաբար, հարց կառաջանա՝ եթե այս երկրում ապրելն այդքան վտանգավոր է պետության առաջին դեմքի համար, ապա ի՞նչ սպառնալիքների ներքո են ապրում շարքային քաղաքացիները։

Սա վատ, չափազանց վատ ուղերձ է՝ ինչպես հպարտ քաղաքացիներին, այնպես էլ՝ Հայաստանի մասին նաև այսպիսի դրսևորումներով դատող օտարերկրացիներին։ Նիկոլ Փաշինյանի պաշտպանողները, իհարկե, բազմաթիվ հիմնավորումներ կբերեն ու կհակադարձեն, թե «նա հազար չուզող ունի», կամ «պատերազմից հետո նրա հետ կարող են ինքնադատաստան տեսնել զոհերի հարազատները», և այլն։

Բայց այդ փաստարկները թույլ են այնքան, որքան հարյուր թիկնապահով Նիկոլ Փաշինյանին իրական վտանգից պաշտպանելու հավանականությունը։ Որովհետև նորմալ երկրի ղեկավարը, ավելի ճիշտ՝ երկրի նորմալ ղեկավարը, աշխատում է այնպես, որ սեփական հասարակությունում ավելանա ոչ թե «չուզողների», այլ «ուզողների» քանակը։

Բայց Նիկոլ Փաշինյանն անցած երեքուկես տարիներին Հայաստանի հասարակությունը բաժանել է շատ ավելի խորը խրամատներով, քան անհրաժեշտ է սահմանները թշնամուց պաշտպանելու համար։

Ինչ վերաբերում է հնարավոր ինքնադատաստանի վտանգին, ապա դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է հազարավոր զոհերի մահվան հարցում իր մեղավորությունը և պաշտպանվում է երկրին սեփական զավակներին տված ծնողներից։

Նիկոլ Փաշինյանն իրեն անվտանգ չի զգում երկրում, որը ղեկավարում է։ Դա պետության թուլության ամենացայտուն վկայությունն է, որը միևնույն ժամանակ խորացնում է քաղաքացիների տագնապներն ու վախերը։

Նիկոլ Փաշինյանը երկիրը համակել է սեփական վախերով ու տագնապներով։

Հայաստանը վերածվել է վախեցած, խեղճացած պետության, որին, ի տարբերություն դրա վախեցած ղեկավարի, որևէ թիկնապահ չի պաշտպանում ու որևէ դիպուկահար չի հսկում։

Իրավիճակի հակասականությունն այն է, որ սեփական քաղաքացիներից հարյուր թիկնապահով պաշտպանվողն ի պաշտոնե պետք է պաշտպանի Հայաստանի շահերը բոլոր նրանցից, ում ո՛չ հարյուր, ո՛չ էլ հազար թիկնապահով չի կարող վախեցնել։

Իսկ ողբերգությունն այն է, որ Հայաստանն այս իրավիճակում է հայտնվել մի օր առանց թիկնապահների արթնանալու՝ մեկ մարդու անհաղթահարելի վախի պատճառով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս