«Գերությունից վերադարձած տղաները պատմել են, որ իրենց ինքնաթիռից ուղիղ տարել են ԱԱԾ, հարցաքննել 8 ժամ, առանց փաստաբանի». Նաիրա Զոհրաբյան
Այսօր «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը քննարկում էր կազմակերպել՝ «Մարդու իրավունքների հիմնախնդիրները հետպատերազմյան Հայաստանում և Արցախում» թեմայով: Քննարկման առանցքում էին նաև ռազմագերիների և մշակութային վանդալիզմի հարցերը Արցախի անկախության հանրաքվեից 30 տարի անց։
Բանախոսներն էին՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը և «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նախ անդրադարձ կատարեց Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ կարևորելով հատկապես դրա անվտանգային բաղադրիչը:
Նրա խոսքով՝ Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը մեծապես նպաստել է, որ տեղահանված արցախցիները վերադառնան:
«Արցախցիների կյանքի իրավունքն անընդհատ ոտնահարվում է ադրբեջանցիների կողմից»,- ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը և որպես հիմնավորում՝ հրապարակեց վիճակագրական տվյալներ:
Գեղամ Ստեփանյանը նշեց, որ ադրբեջանցիները շարունակում են անպատժելի մնալ, իսկ խաղաղապահ առաքելությունը կարծես զուտ միջադեպերն արձանագրողի դեր է կատարում:
«Մարդիկ որոշակիության խնդիր ունեն: Ինձ հետ հանդիպումներում նրանք շարունակ հարցնում են՝ լավ, ի՞նչ է լինելու հետո: Նրանց հատկապես հետաքրքրում է այն, թե ինչ է լինելու, եթե մի քանի տարի անց խաղաղապահները հեռանան»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:
Արցախի ՄԻՊ-ը խոսեց նաև Արցախի բնակարանային խնդրի մասին, որը շարունակում է սուր արտահայտված մնալ:
Ինչ վերաբերում է հայրենադարձված գերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելուն ու կալանավորման միջնորդություններին, Գեղամ Ստեփանյանն ասաց՝ պատերազմից հետո հայրենադարձված արցախցի գերիների հետ ինքը հանդիպումներ ունենում է ու կարող է ասել, որ նրանք այն իրավիճակում չեն լինում, որ կարողանան անմիջապես ներգրավվել քրեաիրավական գործընթացների մեջ:
«Նրանք պետք է վերականգնման որոշակի փուլ անցնեն: ՀՀ ՄԻՊ-ի ու Սիրանուշ Սահակյանի զեկույցների մեջ փաստագրված են, թե ինչ խոշտանգումների միջով են անցել մեր տղաները ադրբեջանական գերության մեջ, ու ճիշտ չէ նրանց անմիջապես ներգրավելն իրավական գործընթացներում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:
Ի դեպ, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկացրեց, որ հանդիպել է գերությունից վերադարձած տղաներին, ու նրանք պատմել են, որ իրենց ինքնաթիռից ուղիղ տարել են ԱԱԾ, հարցաքննել 8 ժամ, առանց փաստաբանի, և հնարավոր է, որ այդ պայմաններում իրենք ասած լինեն բաներ, որոնք այժմ շուռ են եկել իրենց դեմ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ տղաներից շատերն ասել են, որ հրապարակված ցուցմունքներն իրենցը չեն:
ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ադրբեջանական խավիարային դիվանագիտության պայմաններում ոչ միայն գնվում են քաղաքական գործիչները, այլև թիրախավորվում են լրագրողներն ու միջազգային իրավունքի մասնագետները:
Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Ադրբեջանում գտնվելու ժամանակ հայ ռազմագերիների սպանվելու հանգամանքին՝ պայմանավորված նրանց ազգային պատկանելությամբ:
«Ակտիվացել են գործընթացներն իրավական հարթակներում, և դատավորների տեսակետներին ազդելու նպատակով գնում են գիտնականների, մասնագետների, հետազոտողների»,- ասաց նա:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը չի համագործակցել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հետ, չի ներկայացրել տվյալներ իրենց մոտ պահվող հայ ռազմագերիների մասին:
«Դրական պետք է գնահատել այն, որ դատարանը ևս Ադրբեջանին պահանջ ներկայացրեց բռնություններ կիրառելուց խուսափելու և օրենքի առաջ հավասարության վերաբերյալ: Իհարկե, սա չի նշանակում, որ Ադրբեջանը բացառելու է բռնությունները, սակայն այդուհետ այդ ոտնձգությունները Հաագայի դատարանի համար կդիտարկվեն՝ որպես իր հեղինակությունը վտանգող գործողություններ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչը նշեց նաև, որ եթե զինծառայողների ծառայության տարրական պայմաններն ապահովված չեն, առկա է թերի մատակարարում, վատ կահավորում, ուրեմն վտանգի դեպքում մարդիկ կարող են ընտրել անհատական լուծումներ:
«Գերեվարվելու իրական պատճառները վեր հանելու և քննելու փոխարեն՝ մենք ունենք մեկ այլ ծայրահեղություն, երբ արդեն առանց կոնկրետ դեպքի հանգամանքների համալիր ուսումնասիրման՝ բոլոր գերիներին պիտակավորում են՝ որպես հանցագործներ: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ դա այդպես չէ, և նրանցից շատերը գերի են ընկել իրենցից անկախ հանգամանքներում: Եթե հնարավորություն լիներ, նրանցից շատերն իրենց կյանքը կզոհաբերեին հանուն հայրենիքի»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ առանձին դեպքերում պետության բացթողումներն են եղել անձանց գերեվարման պատճառ:
«Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն էլ ներկայացրեց դատական համակարգում առկա խնդիրները, պետության միջամտությունն առանձին իրավական գործընթացներին, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների առատությունն ու այլ արգահատելի երևույթներ: