«Այս իշխանությունը վախենում է, բա որ հանկարծ հայ ազգը վերածնվե՞ց, բա որ հանկարծ բոլոր գեներալները կանգնե՞ն…». Ժաննա Գալստյան

Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ժողովրդական արտիստ Ժաննա Գալստյանի համար զարմանալի չեն բոլոր այն գործընթացները, որոնք Հայաստանի իշխանությունը տանում է գեներալների դեմ՝ նրանց անունն ու արած գործը սևացնելու համար։

«Չեմ զարմանում, որովհետև այս իշխանությունը վախենում է, բա որ հանկարծ հայ ազգը վերածնվե՞ց, հայ ազգն ունի, չէ՞, այդ փյունիկի հատկությունը, բա որ ազգի մեջ ցասում առաջանա ու ասի՝ բանակն ուզում ենք վերականգնել, բա որ հանկարծ այդ բոլոր գեներալները կանգնեն ու հայտարարեն, որ առանց որևէ վարձատրության լծվում են բանակի վերականգնման գործին ու ծառայելու են հայրենիքին։ Քաղաքական իշխանությանը հիմա պետք է որ այս գաղափարները բոլորի գլխից հանի, քանի որ այսօրվա իրավիճակի կազմակերպիչը հենց ինքն է։ Այս իշխանությունը եկավ, թե չէ՝ սկսեց բանակը քանդել, ամենաառաջին ինստիտուտը բանակն է քանդվել, հիմա ուզում են գործը մինչև վերջ տանել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ժաննա Գալստյանը։

Ըստ նրա, իշխանությունները վախենում են, քանի որ հասկանում են՝ պատերազմ անցած զինվորական մարդիկ մինչև ե՞րբ պետք է այս ստորաքարշ վիճակով ապրեն, զինվորականները միակ մարդիկ են, որ իրար դիմում են ու ասում՝ պատիվ ունեմ։

«Հիմա իշխանությունն ուզում է այդ գեներալներին, զինվորականներին բնաջնջել, որպեսզի ազգի մեջ վերածնունդ չլինի։ Հիմա որևէ ազգային ուժ իր պլանների մասին պետք է որևէ մեկին չհայտնի, բարձրաձայնում են՝ ինչ անեն, թշնամին շատ է՝ երկրի ներսում ու դրսում։ Մենք մեր շարժումը սկսել ենք ընդհատակյա, հիմա շրջապտույտ է եղել, ու մենք եկել-հասել ենք զրոյի, հետևաբար՝ այսօր մեթոդներն էլ ուրիշ պետք է լինեն։ Երկրի համար հսկայական գործառույթներ կան, որոնք պետք է անել առանց խոսելու, այն էլ՝ հիմա։

Այս իշխանությունը մարտական ընկերոջս՝ Աշոտ Մինասյանին է կալանավորում, ինչո՞ւ, Աշոտին ինչո՞ւ ես նստացնում, այ թուրք։ Աշոտի նման մարդիկ հատուկենտ են, դրանք թուրք են, թուրք, միայն թուրքն է ունակ նման բան անելու»,- հավելեց Ժաննա Գալստյանը։

Նրա խոսքով, երբ 1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, Արցախի վիճակն այսքան վատ չէր, ինչպես այսօր է, այն ժամանակ Արցախի ցանկությունն այն էր, որ հայեցի ապրեր։

«Ակնայում ապրող ադրբեջանցիները, որոնք ուզում էին իրենց կանանց կինոթատրոններ տանեին, երբ ինչ-որ հնդկական ֆիլմ էին ցուցադրում, ուզում էին անպայման իրենց կանանց տանեին։ Ֆիլմը նայելու համար Ակնայից պետք է գային Ստեփանակերտ, որտեղ մտնելու համար պետք է ստանային հատուկ թույլտվություն, մի քանի շրջանակներ կային, որոնք պետք է թույլ տային։ Այսինքն՝ նկատի ունեմ, որ մենք նրանց կողմից ճնշված չէինք այսքան, ամեն դեպքում Ստեփանակերտում նրանք իրենց ճնշված էին զգում, այստեղ թուրքն իրեն երբեք տեր չի զգացել։ Մենք արժանապատվություն ունեինք, ինչո՞ւ պետք է մեր երեխաները շաբաթը մեկ ռադիոյով լսեին Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, այլ ոչ թե ամեն օր։ Մենք ուզում էինք հայեցի ապրել։ Այն ժամանակ ո՞վ կարող էր մեզ ճնշել, իսկ հիմա Հայաստանի իշխանությունը ոտքով հարվածեց մեզ։

Ես հիշում եմ, որ 1988 թվականին ԽՍՀՄ ռուսաստանյան մի քանի գործարաններում անընդհատ ժողովներ էին անում ու քննադատում էին արցախյան շարժումը և արցախյան շարժման մասնակիցներին։ Հիշում եմ, որ այս ժողովի ժամանակ մի կին վեր կացավ ու հայտարարեց, թե չի հասկանում, ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը չեն տալիս Ղարաբաղի գլխին։ Այն ժամանակ բոլորը ծիծաղում էին, այդ արտահայտությունը դարձել էր անեկդոտ, բոլորը պատմում էին ու ծիծաղում։ Բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ այդպես եղավ, Ադրբեջանի հետ ընդհանուր լեզու գտան, ու այդպես եղավ»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ չկա Արցախի ո՛չ հայանպաստ, ո՛չ ադրբեջանանպաստ լուծում, այլ պետք է հարցն ունենա լուծում, Ժաննա Գալստյանը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին նաև հայտարարում էր, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

«Սա իր այդ լոզունգի շարունակությունն է, նա գոյություն չունեցող բանի մասին է խոսում։ 2018 թվականին որ Նիկոլը եկել է, Արցախից հրաժարված է եկել ու եկել է մեկ նպատակով՝ Արցախը կործանել, որովհետև նա գիտի, թե Արցախն ինչ մեծ նշանակություն ունի հայության համար։ Նիկոլ ասելով՝ ես նկատի ունեմ մեծ վիշապ, որն ունի հազարավոր գլուխ՝ իր «թայֆեն»»,- եզրափակեց Ժաննա Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս