Քովիդի նոր շտամ է հայտնաբերվել, որը դեռևս Հայաստանում չկա. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում մինչև օրակարգի հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ երկրում կորոնավիրուսի համավարակային իրավիճակի որոշակի մեղմացում կա։
«Մյուս կողմից՝ սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ, գիտեք, նոր շտամ է հայտնաբերվել «Օմիկրոն» անվանումով։ Հայաստանում դեռևս այս շտամով վարակված որևէ քաղաքացի չի հայտնաբերվել, բայց դեռևս հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը, և դեռևս պարզ չէ, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի։ Հետևաբար՝ առաջիկայում մենք պետք է չթուլացնենք մեր զգոնությունը որևէ կերպ՝ մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»,- ասաց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ Փաշինյանն տվյալներ փոխանցեց կառավարության անդամներին, որ պատվաստումների գործընթացում շոշափելի արդյունքներ կան․
«Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստման թվերի վրա, մենք արդեն 2 պատվաստումը ստացած քաղաքացիների շոշափելի և էական թիվ ունենք, 480.000շեմը հատել ենք և մոտենում ենք 500.000-ին։ Բացի շաբաթ-կիրակի օրերից, մեզ հաջողվում է 20.000-ից ավելի պատվաստումներ իրականացնել, և հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ կորոնավիրուսի նոր հայտանաբերված շտամի վերաբերյալ դեռ ուսումնասիրություններ են իրականացվում՝ պարզելու համար, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր կա, ինչպես նաև պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվո՞ւմ է, թե՞ ոչ․
«Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում ավելի հստակ պատկեր կունենանք, բայց մի բան պարզ է, որ անգամ, եթե պատվաստանութերի արդյունավետության որոշակի նվազում լինի տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույն է, հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և, կարելի է ասել՝ միակ միջոցը, հիվանդության դեմ պայքարելու։ Այս առումով նաև, երբ դելտա շտամն ի հայտ եկավ, նույն մտահոգությունները կային, բայց փորձը, արդեն իսկ հաստատված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ արդյունավետության որոշակի նվազման դեպքում, միևնույն է, դրանք փրկում են մարդկանց կյանքը, իսկ դա մեր գլխավոր նպատակն է»։
Նախարարն ասաց, որ տվյալ պահի դրությամբ մեր բնակչության 18 տարին լրացած քաղաքացիների 40 տոկոսը ստացել է 1-ին դեղաչափը, իսկ 2-րդ՝ ամբողջական պատվաստումը, ունի բնակչության 23.9 տոկոսը։ Ավանեսյանն ընդգծեց, որ հիվանդացության նվազման առումով մեզ մոտ բարելավվել է պատկերը, և մենք շարունակում ենք թվերի նվազում գրանցել․
«Այսօր ունենք գրանցված 558 նոր դրական դեպք, իրականացվել է 9013 թեստավորում, ցավոք սրտի, 21 մահ ունենք։ Այս պահի դրությամբ ունենք 12465 ակտիվ դեպք, ինչը, տեսնում ենք, որ շեշտակի նվազել է։ Այս ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվն ընդամենը 1068 է, ինչը 8.6 տոկոսն է կազմում։ Հոսպիտալացված 2349 քաղաքացիներից ընդամենը 87-ն է, որ պատվաստված են, սա ևս շարունակում է մեզ ցույց տալ պատվաստումների արդյունավետությունը»։
Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք մահվան թվերի վիճակագրական տարբերությունների հետ կապված որևէ եզրակացության հանգե՞լ են, թե՞ դեռ շարունակվում են ուսումնասիրությունները։ Ավանեսյանը պատասխանեց, որ Փաշինյանի հանձնարարությամբ ուսումնասիրությունները շարունակվում են, և երբ հստակ լինի ամբողջական պատկերը, ձեռք բերված տվյալները կհրապարակվեն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում