Փաշինյանին գոհացնելու համար ԲԴԽ-ն պատժեց դատավոր Զարուհի Նախշքարյանին
Փաստարկված և հիմնավորված որոշում Զարուհի Նախշքարյանին պատժելու համար, բնականաբար, չի կարող կայացնել Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ): Իհարկե, որոշում, այո, կարող է, բայց որքանով այդ որոշումը կլինի օրինական և հիմնավորված, դա այլ հարց է:
Այս մասին, ի պատասխան 168.am-ի հարցի՝ դեռևս նոյեմբերի 24-ին ասել էր իրավապաշտպան, Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ԲԴԽ-ում որոշում կա պատժել դատավորին:
«Փաստեր ունենք և հարուցող, և վարույթ իրականացնող սուբյեկտների կողմնակալության առնչությամբ, և ավելին, գործերից մեկում նաև ինքնաբացարկի-բացարկի ինստիտուտներն են ոչ իրավական ձևով գործարկվել, ուստի գործը քննող դատական կազմն էլ իրավասու չէ: Այսինքն՝ հիմնարար սկզբունքների խախտումներ ենք բարձրաձայնել, և, այո, չենք բացառում, որ կախյալ, կողմնակալ և ոչ իրավասու կազմը կարող է նաև առանց բավարար հիմքերի պատժել տիկին Նախշքարյանին»,- ասել էր Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ այս հանգամանքը, սակայն, իրենց չի մտահոգում:
«Մենք գիտենք, որ ԲԴԽ-ն վերջնական ատյան է Հայաստանի պայմաններում, սակայն այս որոշումը վերջնական չէ: Օրինականության քննարկման այլ ատյաններ կան, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ): Եվ սա ուղղակի կլինի նվեր փաստաբանական թիմին, որն ունակ կլինի մեկ գործի շրջանակներում միջազգային ատյաններում վեր հանել դատավորի կարգապահական վարույթների ինստիտուցիոնալ խնդիրները և այս ատյանների ներգրավմամբ հասնել խնդիրների լուծմանը, բարեփոխումների իրականացմանը: Այդ տեսանկյունից մենք միգուցե մի օր շնորհակալ լինենք այս կազմին»,- նշել էր ԲԴԽ-ում դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչը:
Որպես սուբյեկտ՝ այս վարույթի շրջանակում հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը, քանի որ նրա դստեր հայցն էր քննվում դատավորի վարույթում, իսկ ինքն էլ հայցվորի ներկայացուցիչ է:
«Զարուհի Նախշքարյանը դատավոր է եղել գործերով, որոնցով մի դեպքում կողմ է եղել հարուցող սուբյեկտ, արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը, իսկ մյուս պարագայում կողմ է եղել Նիկոլ Փաշինյանը, որը հանդես է եկել՝ որպես իր դստեր օրինական ներկայացուցիչ: Այսինքն՝ և արդարադատության նախարարը, և նաև Նիկոլ Փաշինյանը տիկին Նախշքարյանի որոշումներին կողմ են եղել և չբավարարման բացասական հետևանքները կրել են, ուստի այս պայմաններում նրանք կարող են և ըստ էության գործադրում են լծակներ, որպեսզի Զարուհի Նախշքարյանն արդարադատության իր գործունեության համար ենթարկվի պատժի»,- եզրափակել էր Սիրանուշ Սահակյանը:
Եվ ահա քիչ առաջ Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) խիստ նկատողություն հայտարարեց։
ԲԴԽ-ն՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, բավարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը դեմ էր կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, իսկ Մեսրոպ Մակյանն ու Անի Մխիթարյանը հատուկ կարծիք ունեին:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթը հարուցել է Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։