«Իշխանություն չունենք, մնում է միայն Ալիևին խնդրենք, որ խղճա ու մեր գերիներին վերադարձնի»․ անհետ կորածի մայր
Արցախյան 44-օրյա պատերազմից ավելի քան 1 տարի է անցել, սակայն բազմաթիվ ծնողներ դեռ շարունակում են փնտրել իրենց զավակներին՝ ողջ կամ զոհված։ Էջմիածնի N զորամասի զինծառայողների ծնողները, որոնց որդիները պատերազմ էին մեկնել 2020 թվականի հոկտեմբերին, այսօր 168.am-ի հետ զրույցում ասացին, թե տեղեկություններ ունեն, որ իրենց որդիները գերեվարվել են, սակայն նրանց վերադարձնելու ուղղությամբ հայկական կողմը ոչ մի բան չի անում։
«Հատկապես Կովսականում (Զանգելան) զոհված կամ գերեվարված տղերքի մասով ո՛չ մի բան չի արվում։ Ո՛չ ղեկավարություն կա, ո՛չ ԱԱԾ կա, ոչ մի բան չկա՛․․․»,- մեզ հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։
Նա նաև ասաց, որ իրենց մասունք են հանձնել, ասել, թե իբր դա իրենց որդու մասունքն է, սակայն իրենք հրաժարվել են վերցնել, քանի որ ամիսներ առաջ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը կրկնակի ԴՆԹ հետազոտությունով հաստատված մասունք է հանձնել մի ընտանիքի, նրանք էլ ընտանեկան գերեզմանատանը հուղարկավորել էին այն, սակայն 40 օր անց պարզվել էր, որ այդ մասունքներն իրենց որդունը չէր․ Մեծամորի դիահերձարանում գտել էին իրենց որդու ամբողջական մարմինը։
«Փաստացի ԴՆԹ-ն կեղծել են․․․ Այսքանից հետո ո՞նց կարող ենք վստահել ու մասունքներ վերցնել։ Սկզբում մի քանի ընտանիքներ վերցրեցին և հուղարկավորեցին մասունքները, բայց, երբ գնացինք ու լուսադեմին արտաշիրիմման դեպք բռնացրեցինք, ծնողները հասկացան․․․ Այս պահին, բացի մեզնից, նույն քիմիկների զորամասից էլի կան ծնողներ, որ ԴՆԹ անալիզ են հանձնել, իբր համընկնում կա, բայց մասունքները չեն վերցնում, որովհետև չեն վստահում, կարող է տանեն, հուղարկավորեն, հետո իրենց որդու ամբողջական մարմինը գտնեն, կամ գերի լինի, վերադառնա․․․ Նույն Զանգելանի հարցով մենք էլ ոչ մեկին չունենք խնդրելու, պահանջելու, դիմելու, մնում է միայն Ալիևին խնդրենք, որ խղճա ու մեր գերիներին վերադարձնի․․․ Բա ի՞նչ անենք, մենք իշխանություն չունենք, մենք երկրի դեմք չունենք..․
Ուզում եմ հիշեցնել, որ Զանգելանի դեպքի համար մեղադրվում է գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, նա է հրաման տվել մեր որդիներին, բայց այսօր տաքուկ-տաքուկ Փաշինյանի կողքը նստել է։ Մեղավոր են Անդրանիկ Մակարյանը և զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը։ Անդրանիկ Մակարյանն էլ ասում է՝ ես հրաման եմ կատարել, հրամանն էլ, կարծում եմ՝ գերագույն հրամանատարը պետք է տված լինի, ուրիշ ոչ մեկը․․․
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան)՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, իսկ 30-ից ավելի զինծառայող մինչև այս պահը համարվում են անհետ կորած: