Վահե Գրիգորյանը դիտողություն արեց Առողջապահության նախարարության ներկայացուցչին

ՍԴ-ն շարունակում է պարտադիր պատվաստումների սահմանադրականության հարցի քննությունը:

Հիշեցնենք, որ ժամը 11։00-ից Սահմանադրական դատարանը (ՍԴ) բանավոր ընթացակարգով քննում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Պատասխանող կողմ Ազգային ժողովի (ԱԺ) ներկայացուցչից հետո բացատրություններ տալու համար ամբիոնին մոտեցավ պատասխանող կողմ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ինչից հետո ՍԴ դատավորները հարցեր ուղղեցին նրան:

Արևիկ Պետրոսյանից ու Հրայր Թովմասյանից հետո ԱՆ ներկայացուցչին հարցեր ուղղեց գործով զեկուցող Էդգար Շաթիրյանը, ապա հարց տալու իրավունքը փոխանցվեց դիմող կողմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին: Վերջինս Առոջապահության նախարարության ներկայացուցչին հարց ուղղեց՝ «Կասե՞ք օրենքի կոնկրետ հոդվածը, որ ՊՇՌ հետազոտության հետ կապված կարգավորում ունի»:

Արամ Վարդևանյանից հետո ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ևս հարցեր ուղղեց ԱՆ ներկայացուցչին: Ըստ էության առարկայական պատասխաններ դրանց չտրվեցին: Ավելին, երբ հերթական հարցին ի պատասխան՝ ինտերնետային հղումների օրինակներ բերվեցին, Վահե Գրիգորյանը դիտողություն արեց նրան՝ ասելով.

«Դուք գիտեք ՍԴ-ին նյութեր ներկայացնելու կարգը, և ի՞նչ լեզվով են դրանք ներկայացվում և ի՞նչ կարգով են դրանք ներկայացվում: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք և ևս մեկ անգամ քննարկեք այդ հարցը: Դրանք ելակետային կարևորություն ունեցող տեղեկություններ են և չեն կարող ինտերնետային հղումների մակարդակով դատարանին տեղեկացվել»:

Վահե Գրիգորյանը հարցեր ուղղեց նաև դիմողի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին:

ՍԴ նիստը կշարունակվի վաղը՝ 11.00-ին: ՍԴ դատավորները միջնորդություններ կներկայացնեն, ապա կլսեն կողմերի եզրափակիչ ելույթները:

Տեսանյութեր

Լրահոս