«Իշխանությունը վերցնելը հեշտ չի լինելու, պայքարելու են մինչև վերջ, ինչպես անկյուն քշված գազանը»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն Ազգային ժողվում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ նախ մեջբերեց Փաշինյանի խոսքերը, թե 650.000 մարդ է իրեն ձայն տվել, ապա կոչով դիմեց ԱԺ ընդդիմադիր ուժերին, որպեսզի ստորագրահավաք իրականացնեն Հայաստանում և տեսնեն, թե քանի՞ մարդ է դեմ այսօրվա իշխանություններին։

«Խնդիր դրեք մեր կուսակցության առաջ, բոլորի առաջ, հլը մի 700.000-800.000 ստորագրություն հավաքենք, տեսնենք դրանից հետո ի՞նչ են խոսելու։ Ի դեպ, պրոցեսը երկար է տևելու, հեշտ չի լինելու իշխանափոխությունը։ Իշխանության շանսը կամ իշխանությունը չտա կամ ընդհանրապես Հայաստանը տա, որովհետև այն Հայաստանում, որտեղ ուրիշ իշխանություն գա, իրենք դատվելու են․․․»,- ասաց Բագրատյանը։

Խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին նախկին վարչապետն ասաց, որ այն բավականին բարդ գործընթաց է և որպես օրինակ նշեց Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը․

«Վրաստանի հետ մենք դելիմիտացիա ունենք, դեմարկացիա չենք կարողանում անել, ո՛չ Բավրայում, ո՛չ էլ Պրիվոլնոյում։ Պրիվոլնոյում մենք գյուղատնտեսական դաշտ ունենք, որ մի տարի վրացին է մշակում, մի տարի մեր գոյւղացին է անում։ Մենք Բավրայում այդ խնդիրը հավերժ ունենք։ Դա շատ դժվար բան է, չկա նման հունար, որ այսօր ստորագրեցին, որոշեցին։ ՀՀ սահմանները՝ փոքր, շատ, տված–չտված, ոչ ոք չի ճանաչելու ու մենք վտանգի առաջ ենք, եթե չկա սահման, չկա՛ Հայաստանի Հանրապետություն, որովհետև հայտնի չէ, թե որտեղ է այն սկսվում և որտեղ է այն վերջանում․ այս փաստի առաջ են մեզ կանգնեցնում Ադրբեջանն ու Թուրքիան։ Մենք ունենք Ռուսաստանի պասիվ դիտարկումը, երբ փորձում է միջնորդել, մենք ունենք ՆԱՏՕ-ի լրիվ համաձայնությունը դեպի Թուրքիան, առանց ՆԱՏՕ-ի Թուրքիան չէ՛ր օգնի Ադրբեջանին։

Ռուսաստանի Դաշնությունը զգուշավոր է վարվում, իրեն դրդում են պատերազմ Թուրքիայի հետ, գցում–բռնում է՝ հայերն այդքան արժե՞ն, թե՞ չէ, իսկ եթե իրենք այդ պատերազմում հաջողություն չունենան, միակ զենքն իրենց միջուկային զենքն է, ուրիշ զենք չունեն»։

Ամփոփելով խոսքը Հրանտ Բագրատյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իշխանությունը վերցնելը հեշտ չի լինելու․

«Վաղը ինքը չի փախնելու, այդպիսի բան չի լինելու, պայքարելու է մինչև վերջ, ինչպես անկյուն քշված գազանը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս