«Տիկին Մոսինյան, հանեք Ձեր միջից հուզմունքը, հարցերին անկաշկանդ պատասխանեք». Երվանդ Խունդկարյանը՝ ԱԺ ներկայացուցչին
Հայտարարված 1 ժամանոց ընդմիջումից հետո ՍԴ-ն շարունակում է պարտադիր պատվաստումների սահմանադրականության հարցի քննությունը:
Հիշեցնենք, որ ժամը 11։00-ից Սահմանադրական դատարանը (ՍԴ) բանավոր ընթացակարգով քննում է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Նիստի սկզբում ՍԴ դատավորները շարունակեցին հարցեր ուղղել դիմող կողմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին: Իր այդ իրավունքից առաջինն օգտվեց Երվանդ Խունդկարյանը:
Հարցեր տվեցին նաև Էդգար Շաթիրյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:
Ապա ձայնի իրավունք տրվեց պատասխանող կողմ Ազգային ժողովի (ԱԺ) ներկայացուցչին: Վերջինիս խոսքից հետո դիմող կողմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը, Երվանդ Խունդկարյանը հարցեր ուղղեցին նրան:
ԱԺ ներկայացուցիչ երիտասարդ պատասխանողն ակնհայտորեն հուզված էր, կաշկանդված, ՍԴ դատավորները ստիպված էին լինում միևնույն հարցը մի քանի անգամ հնչեցնել: Ի վերջո, Երվանդ Խունդկարյանը նրան խորհուրդ տվեց չհուզվել:
«Տիկին Մոսինյան, հանեք Ձեր միջից հուզմունքը, հարցերին անկաշկանդ պատասխանեք»,- ասաց նա:
ՍԴ նախագահն էլ երկրորդեց՝ ավելի վճռական եղեք: