Քննչական կոմիտեն՝ Քանաքեռում սպանությունների ընթացքում Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) դեպքի վայրում գտնվելու մասին
Նոյեմբերի 11-ի գիշերը Քանաքեռում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սպանվել էին Արթուր Ղազարյանը (Քանաքեռցի Տույ), Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը և ևս երկու անձ:
Աղմկահարույց սպանություններից հետո տելեգրամ ու որոշ յութուբյան ալիքներում ու կայքերում տեղեկություն տարածվեց, որ դեպքի վայրում եղել է նաև Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանը:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ «լուրեր կան՝ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը՝ Քանաքեռում հնչած կրակոցների ժամանակ, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տան մոտ՝ դրսում՝ մեքենայի մեջ սպասել է քրեական հեղինակություն Տույին, սակայն երբ լսվել են կրակոցի ձայները, նա դեպքի վայրից անհետացել է»:
«Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից հետո նրան օգնել են հեռանալ Հայաստանից»,- գրել էր օրաթերթը:
Ինքը՝ պատգամավորը, շտապել էր հերքել այդ տեղեկությունները՝ այն արտատպած լրատվամիջոցներին սպառնալով պատասխանատվության կանչել զրպարտության համար:
«Նոյեմբերի 10-16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն՝ որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին»,- գրել էր ՔՊ-ական պատգամավորը:
«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, հրապարակեց Հայկ Սարգսյանի հերքման հերքումը՝ կետ առ կետ հերքելով Հայկ Սարգսյանի փաստարկները:
Ինչևէ, ցանկանալով հարցի վերաբերյալ պաշտոնական պատասխան ստանալ՝ 168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Քննչական կոմիտե հետևյալ հարցով՝ արդյո՞ք դեպքի վայրում եղել է Ազգային ժողովի պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանը:
«ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչութան ծանր հանցագործությունների բաժնում քննվող թիվ 09108221 քրեական գործում որևէ փաստական տվյալ առկա չէ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից 2021թ. նոյեմբերի 11-ին Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16Ա բակում խմբի կազմում երկու և ավելի անձի սպանության դեպքին ներկա գտնվելու կամ որևէ կերպ առնչություն ունենալու վերաբերյալ»,- պատասխանել էին մեզ Քննչական կոմիտեից: