Կարծում եմ՝ առաջիկայում Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ հարցազրույցից հետո Վանո Սիրադեղյանի հետ որևէ հաղորդակցություն չի ունեցել. «Բայց ես ինքս իմ մեջ մտածել եմ, որպես մարդ, որ եղել է նաև ընդհատակում և ընդհատակից դուրս է եկել և հանձնվել իրավապահներին, ես միշտ համարել եմ, որ նաև 2018-ից հետո կարող էր այդպիսի քայլ լինել, որովհետև որոշակի օբյեկտիվ դատավարության պայմաններ կարող էին լինել, գոյություն ունենալ: Իսկ աճյունը, հիմա գիտեք, որ կառավարական հանձնաժողով է ձևավորված և կառավարական հանձնաժողովը նաև ընտանիքի անդամների հետ խորհրդակցելով, այո, այն ինչ-որ նշվել է, որ Վանո Սիրադեղյանին ես անձամբ ճանաչել եմ, որոշակի հարաբերություններ եմ ունեցել, նաև նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան անունով երկար ժամանակ տպվել է, հարցազրույց եմ արել… մյուս կողմից՝ վարչապետի կարգավիճակում ես երբևէ որևէ պարագայում աշխատում եմ իմ անձնական համակրակնքները և հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել:
Նման դեպքերում, ամեն դեպքում պետք է լինել հավասարակշռված, հաշվի առնել բոլոր պոզիտիվ և նեգատիվ հանգամանքները և մաքսիմալ օբյեկտիվ լինել: Կարծում եմ՝ հանձնաժողովը որոշումներ է կայացնում, և առաջիկայում Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան: Ես այցելել եմ նրա ընտանիքին, իմ ցավակցությունն եմ հայտնել և ցավում եմ, որ ամեն ինչ այդպիսի ավարտ ունեցավ»: