Կարճվե՞լ են արդյոք Վանո Սիրադեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը

Հոկտեմբերի 17-ին լուր տարածվեց, որ 75 տարեկանում մահացել է Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանը։ Ավելի ուշ տեղեկացանք՝ նա իր մահկանացուն կնքել էր հոկտեմբերի 15-ին:

Վանո Սիրադեղյանը «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ էր, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության անդամ, եղել է ներքին գործերի նախարար: Զբաղեցրել է նաև Երևանի քաղաքապետի պաշտոնը:

1998 թվականին Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն: Նա 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու՝ Դատախազության միջնորդությունը, ինչից հետո նա հեռացավ Հայաստանից և մինչ այժմ հետախուզման մեջ էր:

Վանո Սիրադեղյանի մահվանից հետո՝ նոյեմբերի 2-ին, ստեղծվեց նրա հուղարկավորության կառավարական հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ, սակայն նրա աճյունը դեռ մինչ օրս չի տեղափոխվել Հայաստան:

Վանո Սիրադեղյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, նոյեմբերի 19-ին 24News-ի հետ զրույցում ասել էր՝ Սիրադեղյանի հուղարկավորության հանձնաժողովը դեռևս նիստ չի գումարել։

«Որ նիստ լինի, տեղյակ կլինեք, այսինքն՝ կհանրայնացնենք»,- նշել էր նա։

Վանո Սիրադեղյանի մահվանից 40 օր անց 168.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից ցանկացավ ճշտել՝ ի՞նչ վիճակ է վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործերով:

Մեզ հետաքրքիր էր՝ արդյո՞ք պայմանավորված Վանո Սիրադեղյանի մահվան հանգամանքով՝ կարճվել են նրա վերաբերյալ հարուցված քրեական գործերը և վերացվել վերջինիս նկատմամբ հայտարարված հետախուզումը:

Դատախազությունից մեզ պատասխանեցին՝ գործը գտնվում է դատարանի վարույթում, հետևաբար՝ նման դատավարական որոշումներ կայացնելու իրավասությունը դատարանինն է:

«Երբ դատարանը հարցը քննարկման առարկա կդարձնի, դատախազությունն իր դիրքորոշումը դրա վերաբերյալ կարտահայտի»,- ասացին գլխավոր դատախազությունից:

Տեսանյութեր

Լրահոս