Ո՞վ է Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի պատվիրատուն
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական հերթական վարույթն է հարուցել, այս անգամ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ՝ ինչ-որ անհեթեթ պատրվակով:
Ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում Վազգեն Ռշտունին ինքն էր հաստատել մեր տեղեկությունը՝ նշելով, որ միգուցե անգամ փոքր-ինչ ուշացրել են իր նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը:
Պարզվում է, սակայն, որ այս ակցիան ունի հովանավոր, և դա Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն է, ով վերը բերված լուսանկարում մուշ-մուշ քնած է դատական նիստի ժամանակ, այն նիստի, որի քննության ժամանակ ինքը, ի դեպ, դատարանի կազմում է:
Տիգրան Սահակյանը նշանակվեց Վազգեն Ռշտունուց հետո, թեպետ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը, տարիքը լրանալու հիմքով, կարծես թե ավարտվում է հաջորդ տարվա մայիսին:
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ վերջինս եղել է նաև Վազգեն Ռշտունուց առաջ: Եվ պարզվում է՝ դեռ այդ ժամանակներից է Տիգրան Սահակյանը քեն պահել Ռշտունու նկատմամբ: Ընդ որում, համակարգին մոտ կանգնած մարդիկ պնդում են՝ այդ ժամանակ Տիգրան Սահակյանին ոչ միայն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնից պետք է ազատեին, այլև առհասարակ համակարգից հեռու պետք է պահեին: Բոլորը գիտեն, որ նրա ազատման պատմությունը կապ ուներ դատավոր Սամվել Ուզունյանի հետ կապված կոռուպցիոն ինչ-որ գործարքի հետ:
Ի դեպ, այդ ժամանակ Սամվել Ուզունյանը մայրաքաղաքից հեռացվեց, ու վերջինս տեղափոխվեց Արագածոտնի մարզ: Այսօր Սամվել Ուզունյանը Հայաստանում չէ. նա հեռացել է երկրից՝ քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո:
Տիգրան Սահակյանը, սակայն, իր քինախնդրությունը ոչ միայն Վազգեն Ռշտունու վրա է տարածում, այլև նրա աշխատակազմի: Մեր տեղեկություններով՝ նա աշխատանքից ազատել է Վազգեն Ռշտունու գրասենյակի ղեկավար Աննա Աղայանին ու դա արել է բավականին կոպիտ ձևով՝ հայտարարելով. «Դու պիտի այս շենքում չերևաս»:
«Վերաքննիչ քրեական դատարանում հիմա աննկարագրելի բարդակ է տիրում: Ահավոր վիճակ է: Դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն ամբողջ օրն այս կաբինետից այն կաբինետ է գնում, տարբեր գործերով խնդրանքներ, միջնորդություններ, պատվերներ ու հրահանգներ տալիս: Մի խայտառակ վիճակ է: Իրոք ափսոս է այդ դատարանը»,- ասաց մեր աղբյուրը: