«Նիկոլն ի՞նչ է մտածում, էս ի՞նչ է անում, մենք իրեն դուխով ընտրեցինք․․․»․ բյուրեղավանցի տարեց կին
168.am-ը շարունակում է շրջել Հայաստանի տարբեր քաղաքներով և գյուղերով, զրուցելու քաղաքացիների հետ, լսելու նրանց մտահոգություններն ու խնդիրները։ Մեր նկարահանող խումբն այսօր շրջել է Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ։ Հետաքրքիր հանգամանք ֆիքսեցինք, եթե նախկինում մարզային այցերի ընթացքում նման հարցումներին մարդկանց հիմնական դժգոհությունները սոցիալական թեմաներին էին առնչվում, ապա այսօր բոլորը մտահոգված էին սահմանային իրավիճակով։
Բյուրեղավանի բնակիչներից մեծահասակ մի կին, օրինակ, առաջին հերթին իր անհանգստությունն արտահայտեց սահմանում հատկապես վերջին օրերին կատարվածի վերաբերյալ, իսկ երբ հարցրեցինք, թե արդյոք գո՞հ է օրվա իշխանություններից, կտրուկ պատասխանեց.
«Ո՛չ, ո՛չ, սուտ կլինի, որ ասեմ՝ գոհ եմ։ Ինչի՞ց գոհ լինեմ, որ մեր ջահելները կոտորվում են, քանի հոգի նորից կոտորվեցին, էս ի՞նչ ա, էս ի՞նչ է կատարվում․․․ Ի՞նչ ա մտածում Նիկոլը, Նիկոլն ի՞նչ է մտածում, ամոթ է, էլի, վերջապես մա՛րդ ենք, էլի, էս ի՞նչ է անում։ Մենք իրան ի՞նչ ձևի ընտրեցինք՝ ուրախ-ուրախ, դուխո՛վ-դուխո՛վ, սաղս իր կողմով, գոնե էդքանը մտածի, նոր էսքան բանն անի մեր գլխին․․․»։
Բյուրեղավանցի 68-ամյա Հարություն Մաթևոսյանն էլ հիշեց.
«Իշխանությունները տարբեր խոստումներ են տալիս, բայց ոչ մի քայլ չի կատարվում դեպի լավը․․․ Ասում են, բայց դե լավ բանն ո՞ւր է։ Թուրքը կամ ադրբեջանցին ո՞վ է, որ գա մտնի մեր տարածք, ես նրանց հետ մոտ եմ եղել, Սովետի բանակի ժամանակ «պրապորշչիկ» եմ եղել, մի հատ փխկացնում էիր, փախնում էին, բայց հիմա եկել մտել են մեր սահման․․․ Ինչի՞ց գոհ լինեմ, ոչ ապրուստն է լավ, խոսք է տալիս, խոսք է տալիս, բայց առաջընթաց չկա․․․ Ես ջհանդամին, էսօր կամ, վաղը չկամ, բայց իմ երեխեքը, թոռները, ես նրանց մասին եմ մտածում․․․»։
Տարեց տղամարդուն հարցրեցինք՝ ստեղծված իրավիճակից ելքն ինչպե՞ս է պատկերացնում․
«Ես ելքը պատկերացնում եմ, որ մենք տղամարդ լինենք, հելնենք թշնամու դեմ պայքարենք։ Ես 70 տարեկան եմ, բայց հենց հիմա էլ տանեն, կգնամ, կկռվեմ, իմ պառավ կյանքն ինձ պետք չի, ինձ պետք է իմ թոռնիկների, իմ երիտասարդների կյանքը։ Իմ ինչի՞ն է պետք այս կյանքը, սոված-ծարավ նստած ենք․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում