«Բենզինին սոլյարկա ենք խառնում, այլ կերպ հնարավոր չէ. Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո երկիր բենզին գրեթե չեն բերում». Մատակարար ընկերության աշխատակից
Վերջին ժամանակներում, գաղտնիք չէ, որ օր օրի բարձրանում են բենզինի գները: Այս պահին բենզինի Regular տեսակի մեկ լիտրի արժեքն է 520 դրամ, Premium-ը՝ 540, իսկ Super-ը՝ 620 դրամ:
Բանից պարզվում է, սակայն, որ այս աստղաբաշխական գների տակ վաճառվում է անորակ բենզին:
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն էր մասնավորապես գրառում կատարել այդ մասին:
«Թեև դրա ժամանակը չէ, սակայն հայրենակիցներիս տեղեկացնեմ, որ արդեն տևականորեն բենզինի՝ խիստ սահմանափակ քանակությամբ ներկրման պատճառով հնարավոր չէ ապահովել ՀՀ-ում առկա պահանջարկը։ Ուստի, իմ ունեցած հավաստի տեղեկություններով, այդ պահանջարկը լրացվում է բենզինի որակի հաշվին՝ տարբեր ապօրինի հավելումներով։ Հրավիրում եմ իրավասու մարմինների ուշադրությունը, եթե, իհարկե, սա նրանց թողտվության արդյունքը չէ…»,- մասնավորապես գրել էր նա:
168.am-ի հետ զրույցում բենզին ներկրող ընկերություններից մեկի ներկայացուցիչը, ով չցանկացավ հրապարակային ներկայանալ, ասաց՝ այլ ելք չունենք, դիզվառելանյութ (սոլյարկա) ենք խառնում:
Նկատելով մեր զարմանքն ու զայրույթը, վերջինս հավելեց՝ այս վիճակն առաջացել է Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո:
«Գրեթե բենզին չեն բերում, շատ քիչ է: Եթե չխառնենք, տրանսպորտային կոլապս կառաջանա: Խառնելով՝ մի կերպ ենք հասցնում»,- ասաց բենզին ներկրող ընկերության աշխատակիցը:
Նրա խոսքով՝ օրեցօր ավելացնում են բենզինին խառնվող դիզվառելանյութի քանակը:
«Ռեգուլյար-Պրեմիումի տարանջատում առհասարակ չկա»,- նկատեց նա:
Մեր հարցին՝ արդյո՞ք դիմել են ոլորտային պատասխանատուներին, մեր զրուցակիցն ասաց՝ բնականաբար:
«Բոլորը գիտեն, նույնիսկ խրախուսում են մի բան անել, մինչև իրենք կհասկանան՝ ինչ անել»,- եզրափակեց բենզինի մատակարարմամբ զբաղվող ընկերության աշխատակիցը: