Նիկոլ Փաշինյանը՝ Սուրեն Պապիկյանի նշանակման մասին

Ինչո՞ւ փոխվեց պաշտպանության նախարարը, և ի՞նչ տրամաբանությամբ է ընտրվել նոր նախարարը: Խորհրդարանում այս հարցերը Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հետևյալն ասաց. «Նախարարի պաշտոնը հայեցողական է, սրանով շատ բան ասվում է, և ես չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն: Մի բան կարող եմ ասել՝ հայեցողական բառը ամբողջական պատկերացում է տալիս: Նախարար նշանակվում է մեր կառուցակարգերի համաձայն՝ վարչապետի հայեցողությամբ, և ազատվում է վարչապետի հայեցողությամբ: Նոր նախարարի նշանակման շարժառիթը ո՞րն է. գիտեք՝ այս հարցին ավելի մանրամասն կպատասխանեմ՝ փորձը ցույց է տվել և ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր է, և տվյալ դեպքում և՛ ԱԳ նախարարի կարգավիճակում, և՛ պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են: Երբ ԱԳՆ-ում հայտնի իրադարձություններից հետո խորհրդակցություններ էի անում, ես մի օր գնացել եմ ԱԳՆ և հրավիրել եմ վարչության պետերի, մեծ մասի հետ շփվել եմ, և նրանք բոլորը միակարծիք ասում էին, որ՝ խնդրում ենք ձեզ՝ քաղաքական թիմից ներկայացուցիչ նշանակեք, ով ձեզ հետ այդ քաղաքական բովանդակությունը ամբողջությամբ կկիսի»:

Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ հետպատերազմյան իրավիճակում 3-4 պաշտպանության նախարար է փոխվել. «Էսկալացիայի ամենակարևոր փուլում նախարար է փոխվում: Մենք չիմացանք, թե ինչու Վաղարշակ Հարությունյանը փոխվեց, ինչու Արշակ Կարապետյանը նշանակվեց, ինչու այդ պահին Պապիկյանը նշանակվեց, այսինքն՝ հարցեր կան՝ զուտ հայեցողականի բնույթից կախված չեն»:

Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ ամենևին դեմ չէ, որ հանրությունը բոլոր մանրամասներով իմանա, թե որ որոշումը ինչ պատճառներով է կայացվել. «Ամենևին դեմ չեմ: Ես դեմ եմ, որ այդ լավ նկատառումով հիմա ասեմ բաներ, որոնց մասին ցանկալի չէ, որ տեղեկանան ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք: Կներեք, ինչքան էլ քաղաքական տարբեր դաշտերում լինենք, ես այս առումով Ձեզնից, ձեր խմբակցությունից, մյուս խմբակցությունից ոչ մի գաղտնիք չունեմ: Խնդիրն այն է, որ հիմա մեր հարցուպատասխանի մեջ ես չպետք է թույլ տամ ասել բաներ, որ չպետք է իմանան ոչ թե Դուք, ոչ թե ՀՀ ԱԺ որևէ պատգամավոր կամ որևէ քաղաքացի, այլ այդ շրջանակից դուրս գտնվող բազմաթիվ մարդիկ»:

Տեսանյութեր

Լրահոս