Ո՞վ և ինչո՞ւ է խաբում՝ ՊՆ-ն, թե՞ Էդուարդ Աղաջանյանը, Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը

Երեկ Սյունիքում սկսված լայնածավալ ռազմական գործողություններն օրվա ավարտին դադարեցին, այս պահին կարծես հարաբերական անդորր է, բայց մինչ այժմ ՀՀ Պաշտպանության նախարարությունն (ՊՆ) ու իշխանական այլ թևերը չեն կարողանում զոհերի թվի վերաբերյալ հստակ տեղեկություն հաղորդել: Տեղեկությունները հակասական են և դրանով հանդերձ՝ անհանգստացնող կամ առնվազն կասկածելի:

Նախ՝ երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթը գրեց, որ «իր տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմն էլ գերեվարել է 6 հայ զինծառայողի»:

Ավելի ուշ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» եթերում հայտարարեց 15 զոհի մասին:

«Դեռևս չհաստատված տվյալներով՝ այս պահին, ցավոք, պետք է նշեմ, որ կա 15 զոհ և գերեվարված անձ… Այն թվերը, որն այս պահին մեզ հասանելի է, բնականաբար, հաստատված չեն, բայց, ցավոք, մենք ունենք զոհեր, վիրավորներ և գերեվարված անձինք»,- ասել էր Էդուարդ Աղաջանյանը:

Դրանից առաջ ՀՀ ՊՆ-ն իր տարածած հաղորդագրության մեջ ևս նշում էր զոհերի մասին:

«Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,- ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունից քիչ անց ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն տարածեց ժամը 18։30-ից կրակի դադարեցման վերաբերյալ:

«Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է»,- ասված էր ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Այս ամենին երեկ երեկոյան հաջորդեց Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Այսօր՝ ժամը 13:00-ի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ: Հայաստանի Զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են գործադրել: Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ:

Այս պահին խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակը»:

Այսօր առավոտյան արդեն Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ավելի շատ հարցեր առաջացրեց:

«Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ»,- տեղեկացրել էին ՊՆ-ից:

Ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքին, որ այսօրվա հաղորդագրության մեջ չկա «ճշտված» բառը: Այսինքն՝ ՊՆ-ի համար առնվազն ստույգ է, որ հայկական կողմն ունի 1 զոհ:

168.am-ը փորձեց կապ հաստատել իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ՝ ճշտելու համար՝ որտեղի՞ց է առաջացել այդ հակասությունը, և թեպետ ինքն «Ազատության» եթերում նշում է, որ իր տվյալները չճշտված են, այնուամենայնիվ, թիվ է հրապարակում, որը, ենթադրվում է՝ ստացել է իրավասու անձանցից:

Այդ թվի տակ մարդիկ են՝ զինծառայողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ, ընկերներ, բարեկամներ ու հարազատներ, ովքեր անասելի ապրումներ են ունեցել Աղաջանյանի հրապարակած թիվը լսելիս:

Էդուարդ Աղաջանյանը, սակայն, մեր հեռախոսազանգին չպատասխանեց, թեպետ զանգահարել էինք ԱԺ նիստի ընդմիջման ժամին:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին նաև հաղորդագրություն գրեցինք, ներկայացանք՝ որ լրատվամիջոցից ենք, մեր զանգի առարկան նշեցինք, սակայն պատգամավորն այդպես էլ չարձագանքեց:

Արցախյան 44-օրյա պատերազմում օրենքի ուժով Զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) «բերանը» փակած իշխանությունը, որը յուրաքանչյուր, նույնիսկ աննշան առիթ օգտագործում է հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցներին ապատեղեկատվության ու բազմաթիվ այլ ծանրագույն մեղքերի մեջ մեղադրելու համար, իրարամերժ տեղեկատվություն է հրապարակում ու որևէ բացատրություն չի տալիս:

Այստեղ կա երկու տարբերակ. Կա՛մ «Հայկական ժամանակն» ու Էդուարդ Աղաջանյանը միայն իրենց հայտնի նպատակներով խուճապ են տարածում ժողովրդի մեջ, կա՛մ ՊՆ-ն իր սովորության համաձայն՝ ճիշտը չի ասում զոհերի թվի վերաբերյալ:

Ի դեպ, այսօր առավոտյան ԱԺ-ում ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից րոպեներ առաջ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել երեկ նահատակված մեր եղբայրների հիշատակը:

Եվ կրկին առնվազն տարօրինակ է, որ ՊՆ-ն, Նիկոլ Փաշինյանը, Էդուարդ Աղաջանյանն ու Ալեն Սիմոնյանը մինչ այժմ իրար մեջ չեն պարզել՝ ի վերջո, որքա՞ն է հայկական կողմի զոհերի թիվը:

Տեսանյութեր

Լրահոս