Կասկածներ կան՝ Փաշինյանը հրաժարվել է պայմանավորվածությունից. դա է այս վիճակի պատճառը. Բորիս Ավագյան
Գնդապետ Բորիս Ավագյանը կասկածներ ունի՝ Սյունիքում վերջին օրերին և մասնավորապես այսօրվա Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական կտրուկ գործողությունները հետևանք են Նիկոլ Փաշինյանի կողմից տրված ու վերջին պահին չկատարված խոստումների։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Բորիս Ավագյանը՝ հավելելով.
«Կարծում եմ՝ պայմանավորվածություններ են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնք Փաշինյանը չի կատարել։ Այդ պայմանավորվածություններին ներկա չէ Ռուսաստանը, որը բացակայում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ուղիղ կապից»։
Բորիս Ավագյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական ուղիղ կապի ու դրա հետևանքով ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ինքն ունի կասկածներ, որոնք, որպես փաստ, այս պահին ներկայացնել չի կարող, քանի որ ձեռքի տակ փաստաթղթեր չունի։
«Բայց կասկածները կան, իսկ ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների այսօրվա ելույթներին՝ ուղղված Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, ապա դրանց վերաբերյալ մեկ բան կասեմ ընդամենը՝ եթե էդպես խոսում են ու կարող են, ապա թող փորձեն դուրս գալ ՀԱՊԿ-ից, կրկնում եմ՝ եթե, իհարկե, կարող են»,- ասաց Ավագյանը։
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների մասին էլ՝ վերջինս հավելեց.
«Իմ տեղեկություններով՝ այս պահին զինադադար է ռուսական կողմի միջնորդությամբ»։