«Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք՝ շուրջ 11 տեղամասերում». Էդուարդ Աղաջանյան

«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը»,- ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Ինչպես հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհուրդը՝ նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք, բանակցությունների արդյունքում զինտեխնիկան և զորքերի մեծ մասը ետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ: Տեղի ունեցածի արդյունքում վերը նշված հատվածում Ադրբեջանն ամրապնդել է ս.թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը: Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք՝ շուրջ 11 տեղամասերում»,- ընդգծեց նա:

Էդուարդ Աղաջանյանը շեշտեց՝ Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հայտարարություններով, ըստ էության, նորանոր տարածքային և անվտանգային սպառնալիքներ ստեղծելով ՀՀ-ի համար.

«Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ: Այս իրավիճակը ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող ՀՀ-ի համար: Դեռևս, ս.թ. մայիսի 12-ից հետո Հայաստանը հանդես էր եկել ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակների  արձագանքման կարգի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիտորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ:

Նախաձեռնությունը, ցավոք, մինչ օրս կյանքի չի կոչվել: Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր, ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ, համաձայն ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի: Միևնույն ժամանակ, մեր խորհրդարանական գործընկերներին կոչ եմ անում միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և Հայաստանի տարածքների օկուպացիան պարզաբանող և լուսաբանող հայտարարություններով»:

Տեսանյութեր

Լրահոս