Սյունիքում 9 միլիարդ կաշառք տալն ու պարտվելը նշանակում է՝ Փաշինյանի հեղինակությունը չի՛ աշխատում. Հակոբյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց, Կապան համայնքում հաղթանակ է տարել «Շանթ» դաշինքը:
Դաշինքի օգտին քվեարկել է 13.962, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 5791 ընտրող:
Տավուշի մարզի Իջևան համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Իշխող ուժի օգտին քվեարկել է 10.003, ՀՅԴ-ի օգտին՝ 1964 քաղաքացի:
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 4004 մարդ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով կայացած ընտրությունների արդյունքների մասին, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երբ իշխանությունը զինվորներին ուղղորդված ընտրության չի տանում այնպես, ինչպես դա արեց 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ, պարտվում է, որովհետև սյունեցիները համոզվում են, որ իրենց խոստացված անվտանգությունը պարզապես չկա, և հենց դրա հետևանքով է, որ Սյունիքում անվտանգության խնդիրը դարձել է գերակտուալ։
«Թեև 5700-ից ավելի մարդ քվեարկել է իշխանության օգտին, սակայն, կարծում եմ, դա ավելի շատ այդ հարմարվողական զանգվածն է, որը առաջնորդվել է նաև իր անձնական մոտեցումներով։ Այս թիվը, կարելի է ասել, մնացորդային թիվ է, որը մնացել է Փաշինյանի «իզմերի» տակ, սակայն սա ժամանակի հետ լուծվելիք հարց է։ Փաստ է մեկ բան՝ իշխանությունն արձանագրել է պարտություն»,- ասաց Հակոբյանը։
Դիտարկմանը՝ երբ Կառավարությունը նոյեմբերի 11-ին 9 միլիարդ դրամ է հատկացնում Սյունիքի մարզին ու Կառավարության այդ օրվա ողջ նիստի ընթացքում պատմում, թե այդ 9 միլիարդ դրամով ի՞նչ ծրագրեր է իրականացնելու Սյունիքի մարզում, ու չնայած դրան, երեք օր անց՝ նոյեմբերի 14-ին, ջախջախիչ պարտություն է կրում, դա ինչի՞ ցուցիչ է, Վիգեն Հակոբյանը պարզաբանեց.
«Այդ գումարի հատկացումն ուներ երկու նպատակ. առաջին՝ շեղել Սյունիքի անվտանգային թեմաներից հանրության ուշադրությունը և փողով խնդիրը անվտանգային հարթությունից տեղափոխել սոցիալ-տնտեսական դաշտ։ Երկրորդ՝ այդ 9 միլիարդ դրամը ընտրակաշառքի հավասարազոր մի բան է. երբ պետական իշխանության կողմից բյուջետային միջոցները ընտրություններից օրեր առաջ ուղղվում են տվյալ մարզ ու տրվում են խոստումներ, կարծում եմ, այստեղ ընտրակաշառքի կարևոր էլեմենտներ կան։ Ստացվում է՝ իշխանությունը Սյունիքում իր հաղթանակը գնահատում էր 9 միլիարդ դրամ, ու չնայած այդ գումարը հատկացնելուն՝ շոշափելիորեն պարտվեց։ Սա ցույց է տալիս, որ այլևս Նիկոլ Փաշինյանի աուրան և հեղինակությունը սկսում է չաշխատել։ Դա վերաբերում է ոչ միայն Սյունիքին, այլ՝ նաև այլ մարզերի»,- ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով՝ ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանության կողմից ճնշումներ են լինելու Կապանում հաղթած Գևորգ Փարսյանի նկատմամբ, սակայն նա արդեն ճնշումների հանդեպ իմունիտետ ունի, և անկախ նրանից՝ դրանք քրեական հետապնդումների կհասնե՞ն, թե՞ ոչ, միևնույն է՝ որևէ նշանակություն ունենալ չեն կարող։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ընդդիմադիր թեկնածուների հաղթանակը ցույց է տալիս, որ դրանցով ընդդիմությունը ձեռք է բերում վարչական ռեսուրսներ մարզերում հետագայում ընդդիմադիր պայքար գեներացնելու համար, ուստի այժմ պետք է շարունակի պայքարել ՏԻՄ-երում, որովհետև ակնհայտ է՝ այն համայնքներում, որտեղ ընդդիմությունը թեկնածություն է ունեցել և գրագետ ընտրապայքար է տարել, իշխանությունը պարտվել է։
Հակոբյանը նաև վստահեցրեց, որ Փաշինյանի իշխանությունն այսօր բավականին թույլ վիճակում է գտնվում, ու եթե անգամ 2000 ոստիկան կարողանում է մի քանի հարյուր հոգու ցույց տապալել, դա ամենևին էլ իշխանության ուժեղության մասին չի խոսում, ուստի ընդդիմությունը պետք է կարողանա ճիշտ աշխատել իրեն քվե տված 400 հազար ՀՀ քաղաքացիների հետ, ինչի դեպքում այդ 400 հազարի 10 տոկոսով անգամ հնարավոր է կլինի կատարել իշխանափոխություն։
«Ընդդիմությունը հիմա պետք է աշխատի իրեն ձայն տված ընտրազանգվածի հետ ու ձևավորի այն ավանգարդը, որի գործողությունների դեպքում իշխանության վիճակը վատ է լինելու։ Հիմա տարածաշրջանային կենտրոնները սպասում են, որովհետև բոլորին ինչ-որ բաներ են խոստացել, ու դրանով կար կոնսենսուս Փաշինյանի վերընտրվելու հարցում, բայց հիմա այդ կոնսենսուսը խախտվել է, դրա արտացոլումն է իրանաադրբեջանական լարվածությունը։ Խոստում տված օպերատորի՝ Փաշինյանի դերակատարումը կարող է նվազել, իսկ եթե լինի ընդդիմադիր շարժում, ապա աշխարհաքաղաքական խաղացողների համար դա անընդունելի չի լինի»,- ասաց Հակոբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում