«Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելն այս կառավարության կադրային քաղաքականության մեջ լավագույն նշանակումն է»․ Մովսես Հակոբյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին, կեսօրից հետո 2 հրամանագիր ստորագրեց՝ մեկով Արշակ Կարապետյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, մյուսով՝ նախկին փոխվարչապետ, ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշանակվեց ՊՆ նախարար։
Համացանցում՝ հատկապես Facebook սոցիալական ցանցում, այս նշանակումը բուռն քննարկումների տեղիք է տվել, օգտատերերը հիմնականում հիշեցնում են Պապիկյանի ծառայության տարիներին սպային դանակահարելու և այդ մեղադրանքով դատապարտված լինելու հանգամանքը։
«Ժամկետային զինվորական ծառայության ժամանակ իր վերադաս սպային դանակահարած անձը դարձավ Պաշտպանության նախարար․․․․»,- գրում են ֆեյսբուքյան օգտատերերը։
168.am-ը Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու փաստի առնչությամբ զրուցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։
«Այս ստեղծված իրավիճակում, այս կառավարության կադրային քաղաքականության մեջ՝ դա լավագույն նշանակումն է, որովհետև այս կառավարության մեջ, այս 3 տարիների ընթացքում, ինչքան ես հետևել եմ, Սուրեն Պապիկյանն է միակ ադեկվատ մարդը։ Հույս ունեմ, որ իր մոտ ինչ-որ բան կհաջողվի»,- ասաց Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը չէ՞ր կարող, կամ չէ՞ր անում այն, ինչը պետք է կարողանա անել բանակի հետ բացարձակ կապ չունեցող Սուրեն Պապիկյանը, գեներալը պատասխանեց․
«Ես դեռևս 2011 թվականին, երբ Պաշտպանության բանակի հրամանատարն էի, Արշակ Կարապետյանի մասին իմ կարծիքը Օհանյան Սեյրանին հայտնել եմ, որ ես իրեն ինձ մոտ դասակի հրամանատար էլ չեմ նշանակի։ Միանշանակ Արշակ Կարապետյանին հանելը շատ ճիշտ էր, որովհետև նա ցուցամոլ է, առանց գիտելիք, կա մարդ, որ գիտելիք ունի ու մի քիչ էլ ցուցամոլ է, բայց ինքը ոչ գիտելիք ունի, ոչ էլ ունակություն, ոչ էլ փորձ բանակի մասով․․․»։
Հարցին՝ արդյոք համակարգում չկա՞ր այնպիսի մի գեներալ, որին այս պաշտոնը կարելի էր վստահել, այլ ոչ թե բանակից հեռու մարդու, որքան էլ որ ըստ ձեզ՝ ադեկվատ է, Մովսես Հակոբյանը պատասխանեց․
«Իհարկե շատ կան, բայց այսօրվա քաղաքական թիմի մեջ ես Պապիկյանից լավ ուրիշ մարդ չե՛մ տեսնում, գոնե այն մարդիկ, որոնք հանրային երևում են․․․»։
Մովսես Հակոբյանին նաև հարցրեցինք, թե արդյոք այսօր ստեղծված իրավիճակում, երբ Սյունիքի մարզում ադրբեջանցիները գրեթե ամեն օր նոր մաքսակետեր են տեղադրում, նորանշանակ Սուրեն Պապիկյանը կարո՞ղ է այս խնդիրները լուծել։
«Վստահ եմ, որ Սուրեն Պապիկյանն իր արած հայտարարությունների համար պատասխան կտա, կյանքի կկոչի, գոնե դրա մեջ վստահ եմ, որ ինքը կամ չի՛ հայտարարի, կամ իր հայտարարությունները կյանքի կկոչի, որովհետև ինքն այս 3 տարիներին դա է ապացուցել»,- ասաց գեներալ-գնդապետը։
Դիտարկմանը, որ բազմաթիվ կարծիքներ են հնչում, թե ով էլ լինի պաշտպանության նախարարը, միևնույն է, կատարելու է Նիկոլ Փաշինյանի ցանկությունները և ընդամենը «ֆիգուր» է լինելու, Մովսես Հակոբյանն ասաց․
«Ես չեմ կիսում այդ կարծիքը։ Ցանկացած ղեկավարի պարագայում, եթե ենթական հայրենիքի համար կարողանում է կատարել լավ գործ, որևէ մեկը չի կարող իրեն խանգարել․․․»։