«Մտավախություն ունեմ, որ Ճակատենի ճանապարհին տեղադրված տնակը կարող է վերածվել ադրբեջանական մաքսակետի». Գևորգ Փարսյան

Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր տեղի է ունենում ՏԻՄ ընտրություններ: Գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը կրկին իր թեկնածությունն է առաջադրել այդ պաշտոնում, վաղ առավոտյան ընտրատեղամասում քվեարկելուց հետո պատասխանել է լրատվամիջոցների հարցերին:

Լրագրողները Փարսյանից նախ հետաքրքրվեցին, թե երեկ երեկոյան ի՞նչ է տեղի ունեցել Ճակատեն գյուղի հատվածում, արդյո՞ք ադրբեջանցիներն այդ հատվածում ևս մաքսակետեր կտեղադրեն, ինչպես օրեր առաջ Որոտանի հատվածում տեղադրեցին:

«Ներկա դրությամբ տեղեկություն չունենք՝ դա մաքսակետ է, թե ինչ է, պարզապես տեղեկություն ունենք, որ հենց անմիջապես ճանապարհի մոտ տնակ է տեղադրվել… Ճանապարհը հիմա նույն ռեժիմով է օգտագործվում, ՀՀ քաղաքացիները կարողանում են ճանապարհը նախկինի պես օգտագործել, բայց ես անձամբ մտավախություն ունեմ, որ դա կարող է վերածվել մաքսակետի»,- ասաց Փարսյանը:

Նա հավելեց, որ անվտանգության հետ կապված վաղուց աշխատանքներ են իրականացվում, համագործակցում են ՀՀ Զինված ուժերի հետ, սահմանապահ զորքերի, ռուս սահմանապահների հետ.
«Նաև համայնքապետարանում ունենք անվտանգության գծով պատասխանատուներ, որոնք իրենց ամենօրյա ռեժիմով լինում են սահմանում, դիրքերում…»:

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք նա շարունակո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել, Գևորգ Փարսյանը պատասխանեց.
«Հունիսի 20-ին տեղի ունեցավ համապետական ընտրություններ, ժողովուրդն իր որոշումը կայացրել է»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ 3 քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենում Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքներում։

Տեսանյութեր

Լրահոս