«Բերդի կալանավորված համայնքապետը ընտրությունների ժամանակ իշխանություններին չի սատարել». փաստաբան

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը 168.am-ին հայտնեց Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը։

«Մեղադրանք առաջադրվել է երկու դրվագ արարքի համար․ առաջին դրվագով պաշտոնական լիազորությունների չարաշահման (Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին) և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու (314-րդի 1-ին մասերի հատկանիշներով), երկրորդ՝ կրկին 308 հոդվածով։ Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են, ուստի մեղադրանք առաջադրելն էլ է ակնհայտ ապօրինի է եղել, կալանավորումն էլ որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումն էլ»,- նշեց Թամրազյանը:

Հարցին՝ ի՞նչ փաստաթղթերի կեղծման մասին է խոսքը, Բերդի համայնքապետի փաստաբանը նշեց՝ իբր շինարարական թույլտվություն տալու ավարտական ակտի կազմման վերաբերյալ փաստաթղթերն են առերևույթ կեղծ, որոնք ըստ մեղադրանքի որոշման՝ կատարվել են 2015-ին:

«Այստեղ քրեական հետապնդումը բացառող հանգամանք կա, վաղեմության ժամկետներն անցած են: Այդ արարքները միջին ծանրության հանցագործությունների շարքին են դասվում, որոնց վաղեմության ժամկետը 5 տարի է: Հիմա՝ վեց տարի անց, նրան այդ հոդվածներով մեղադրանք առաջադրելն ակնհայտ ապօրինի է, և դատարանն այդ պայմաններում խափանման միջոց է ընտրել»,- ասաց Մանուչարյանի պաշտպանը՝ նշելով, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Այս համատեքստում Արման Թամրազյանը մանրամասնեց, որ Հարություն Մանուչարյանի որդին շինարարություն է իրականացրել, որը մի քանի մետր ընդամենը կատարվել է համայնքային հողատարածքում:

«Երբ այդ մասին համայնքապետարանը տեղեկություն է ստացել, վարչական վարույթ է հարուցվել նրա որդու նկատմամբ, բայց քանի որ սեպտեմբերի 27-ին պատերազմ է սկսվում, վարույթը կասեցվել է օրենքի ուժով, և վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, ուստի որդին վարչական պատասխանատվության չի ենթարկվել: Սրանից հետո այդ կառույցը համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով, կառավարության որոշման հիման վրա օրինականացրել է: Այսինքն, նախ այն դարձրել է համայնքի սեփականությունը, այնուհետ վաճառել իր որդուն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ոչ միայն համայնքի բյուջե գումար է մուտքագրվել, այլև այդ հողամասը համայնքից դուրս, ճանապարհին գտնվող և որևէ մեկին ոչ պիտանի տարածք է, սակայն վարույթն իրականացնող մարմինը դիտարկել է, որ այդ արարքը Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներ է պարունակում, թեպետ հանցակազմ գոյություն չունի:

«Հողամասը պարսպապատել է, հենապատ է կառուցվել, և մի քանի մետր ընդամենը մտել է համայնքային հող: Եվ այդ մի քանի մետր մտնելու համար բավականին մեծ գումար է վճարել՝ օրենքով սահմանված դրույքաչափի համապատասխան: Այսինքն, համայնքի բյուջե փող է մտել, ոչ թե վնաս է պատճառվել համայնքին»,- շեշտեց Բերդի համայնքապետի պաշտպանը:

Փաստաբանի տեղեկացմամբ, Մանուչարյանի 2012-2021 թվականների գործունեության բոլոր ոլորտներն են ուսումնասիրել, թեպետ գործն այլ փաստերի առթիվ է հարուցված ընդհանրապես, որպեսզի նրա դեմ մի բան գտնեն, և արդյունքում մի բան գտել-կպցրել են:

Արդյոք Բերդի համայնքապետի նկատմամբ իշխանությունների նման հետաքրքրությունը քաղաքական դրդապատճառներ ունի՞՝ հարցին Արման Թամրազյանը պատասխանեց.

«Ես գիտեմ, որ Մանուչարյանը ընտրությունների ժամանակ իշխանություններին չի հարել, չի սատարել, այլ քաղաքական հայացքներ, այլ դիրքորոշում է ունեցել, և դրանով եմ ես պայմանավորում սա, որովհետև առանց ուղղորդման այսքան ապօրինություն չէր կարող արվել»:

Պաշտպանը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի որոշումը:

Տեսանյութեր

Լրահոս