«Կա չարիքի իշխանություն, և դրա դեմ պետք է ձևավորվի դիմադրություն»․ պատգամավոր
«Սա պետություն ունենալու պայքար է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան մայրուղու վրա այսօր կեսգիշերին տեղադրված ադրբեջանական մաքսակետերին՝ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որը ևս միացել է կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիային։
Վարդանյանի խոսքով՝ հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ կձևավորվի հանրային մթնոլորտ․
«Մի քանի հարյուր հազար մարդ Հայաստանում մերժել է այս իշխանությանը, ձայն է տվել ընդդիմադիր ուժերին, բայց մի քանի հարյուր հազար մարդ էլ իր աջակցությունն է հայտնել գործող իշխանություններին, որովհետև խաբվել են, որովհետև սուտ խոստումներ է տրվել նրանց․․․ Մեր հասարակության մեծամասնությունը, որոշիչ հատվածը, որի տեսակետ հայտնելը որոշիչ է լինելու հայրենիքի համար, լուռ հետևում է այս ամենին, ասում է, որ որևէ բանի չի վստահում, բառացիորեն ասում է՝ թող թուրքը գա, նախկինները չգան․․․ Մեր խնդիրն է, որպեսզի մարդկանց ցույց տանք, որ սա ոչ թե քաղաքական, ոչ թե կուսակցական, այլ վերկուսակցական, ներխմբային պայքար է, սա հայրենիք ունենալ-չունենալու պայքար է։ Ոզո՞ւմ եք հայրենիք, բոլոր նրանք, ովքեր ուզում են ունենալ Հայաստանի Հանրապետություն, ովքեր ուզում են այս տարածաշրջանում հայերեն խոսել, պետք է հասկանան, որ մենք հիմա այդ խնդրի առաջ ենք, հետո արդեն այս բոլոր տարաձայնությունները միասին կկարողանանք լուծել․․․ Կա չարիքի իշխանություն, և դրա դեմ պետք է ձևավորվի դիմադրություն»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Ադրբեջանը գիշերը 24:00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր:
ԱԽՔ-ը նաև հայտնել էր, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։
«Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է՝ ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ՝ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է»,- ասել էր Գրիգորյանը։



