«Որևէ մեկը երաշխիք չունի, որ Ա կետից Բ կետ հասնելու համար չի հայտնվի ադրբեջանական բանտերում»․ Տիգրան Աբրահամյանը՝ Գորիս-Կապան մայրուղու մասին

«Իշխանությունը պարզորոշ կերպով տեղեկացրել է, որ այն ճանապարհով, որով մենք, որպես կանոն, Գորիսով, Որոտանով, Շուռնուխով, Դավիթ Բեկով գնում ենք Կապան, ադրբեջանցիները տեղակայելու են անցակետեր, որտեղ մաքսային և անձնագրային վերահսկողություն է իրականացվելու նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,- կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ ադրբեջանցիներն այսօր կեսգիշերից հետո Գորիս-Կապան մայրուղու վրա տեղադրել են սահմանային և մաքսային հսկողության կետեր։

Պատգամավորը հիշեցրեց՝ բացի այն հանգամանքից, որ այս ճանապարհն ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել այս իշխանությունների ապօրինի, բանավոր որոշումների արդյունքում, իշխանությունները խոստացել էին, որ ճանապարհի այդ հատվածով երթևեկություն կազմակերպելիս մեր քաղաքացիները որևէ խնդիր չեն ունենալու․

«Այդ հավաստիացումներից անցել են ամիսներ, վերջին հավաստիացումը եղել է 2 ամիս առաջ, բայց փաստացի ՀՀ այն քաղաքացիները, որոնք այսուհետ փորձելու են Կապան հասնել միջպետական գլխավոր ճանապարհով, պետք է ադրբեջանական ծառայությունների միջոցով անցնեն համապատասխան ընթացակարգեր․․․»։

Ճշտող հարցին՝ պա՞րզ է, թե ճանապարհի այդ հատվածում հայ սահմանապահներ լինելո՞ւ են, թե՞ ոչ, ո՞վ է վերահսկելու ՀՀ քաղաքացիների անվանգությունը, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․

«ՀՀ քաղաքացիների անվտանգությունը որևէ ձևով չի ապահովվելու, որևէ մեկը երաշխիք չունի, որ այդ ճանապարհով Ա կետից, Բ կետ հասնելու համար չի հայտնվի ադրբեջանական բանտերում, կտտանքների չի ենթարկվի, կամ նրա նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար չի լինի։ Իշխանություններն իրենց այս հերթական քայլն արդարացնելու համար փորձում են իրենց տարբեր ներկայացուցիչների միջոցով թեման վերածել լավ ու վատ ճանապարհի, ներկայացնել, թե ինչպիսի ասֆալտաշինարարական աշխատանքներ են իրականացրել այլընտրանքային ճանապարհներին, ինչը թեմայի հետ քաղաքական առումով որևէ կապ չունի․․․

Այս ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, համապատասխան ընթացակարգեր են սահմանվել այն պատճառով, որ 2020 թվականի դեկտեմբերին նոյեմբերի 9-ի փաստաթղթին չհամապատասխանող դրույթներով Սանասարի և Կովսականի այդ պահին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներն ապօրինի ձևով, բանավոր փոխըմբռնման պայմաններում հանձնվել են Ադրբեջանին, և մեր անվտանգությունը, հատկապես Սյունիքի ուղղությամբ, խիստ սպառնալիքի տակ է հայտնվել այդ որոշումից հետո․․․»։

Տիգրան Աբրահամյանը նկատում է՝ Ադրբեջանը տեղակայվում է Հայաստանի շփման գծի այն հատվածներում, որոնք ունեն ռազմավարական նշանակություն, և ցանկացած գործընթաց, այդ թվում՝ սահմանագծման և սահմանազատման, Հայաստանին կամ Արցախին վերաբերող գործընթաց, Ադրբեջանն ի սկզբանե իր համար ապահովում է Հայաստանի վրա ուժեղ ճնշումներ ապահովելու մեծ լծակներ, ինչը ենթադրում է, որ ցանկացած այլ իրավիճակում, բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանը հանդես է գալու շատ ավելի ուժեղ դիրքերից, և Հայստանին կորուստներ պարտադրելու շատ ավելի մեծ հնարավորություններ է ստանալու։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս