«Առաջարկում եմ փակել Սուրեն Պապիկյանի ճանապարհը Տաթևով, թող ստիպված լինի Գորիս-Կապան ճանապարհով գալ․․․»․ Աննա Գրիգորյան

Կառավարության շենքի դիմաց  շարունակվում է «Դիմադրում ենք» ակցիան, որի մասին նախօրեին տեղեկացրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, երբ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանը գիշերը ժամը 24։00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը նույպես կառավարության շենքի մոտ մասնակցում է բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, թե Սյունիքի տվյալ հատվածում ինչպիսին է իրավիճակը․

«ԱԽ կոչվածը երեկ հայտարարություն է տարածել առ այն, որ գիշերը 12-ից փակվելու է ճանապարհը, և, այո՛, 12-ից ճանապարհը փակվել է, որպեսզի նոր մաքսակետեր տեղադրվեն։ Դուք գիտեք, որ կար 1 անցակետ, բայց ըստ էության նոր մաքսակետեր են տեղադրվել»։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ ԱԺ ամբիոնից 2 ամիս շարունակ հարց է հնչեցրել, թե ի՞նչ են կառուցում ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհին, արդյո՞ք այդ կառուցածները, հնարավոր է՝ մեզ համար անվտանգային խնդիրներ ստեղծեն, սակայն որևէ մեկն այդ հարցին չի պատասխանել։

«Միայն երեկ, այսպես ասած, ԱԽՔ կոչվածը, տեղի ունեցածից ընդամենը ժամեր առաջ հայտարարում է, որ այնտեղ մաքսակետ է կառուցվել, և դրան ի պատասխան՝ իբր մենք էլ մեր մաքսակետն ենք կառուցում։ Այդ ի՞նչ մաքսակետ ենք կառուցում, մենք ո՞ւմ համար ենք կառուցում, ընդհանրապես իրենք պատկերացրե՞լ են, այդ ճանապարհով անցնող մարդիկ ի՞նչ անվտանգություն պետք է ունենան։ Ընդամենը 1 օրինակ եմ ուզում բերել, պատկերացրեք՝ Գորիսից Որոտան գնացող ուսուցիչը, որ ամեն առավոտ գնում է Որոտանում դաս տալու, ինչպե՞ս պետք է գնա դասավանդելու, այդ ԱԽՔ-ը կարո՞ղ է որևէ ձևով բացատրել, կամ կառավարության նիստին մասնակցողներն այս առումով որևէ պատասխան մեզ կարո՞ղ են տալ․․․»։

Աննա Գրիգորրյանն ասաց, որ տարբեր գերատեսչությունների հարցումներ էր ուղարկել, և ԱԱԾ-ն հետևյալ պատասխան է տվել․

«Ասել են, որ հայկական և ռուսական սահմանապահ զորքերի միջև տեղի է ունեցել բանավոր համաձայնություն տվյալ ճանապարհի անխափան երթևեկությունն ապահովելու համար։ Այսօր մենք տեսնում ենք, որ այդ ճանապարհով ամենևին էլ անխափան չեն երթևեկում, ես ուզում եմ զգուշացնել, որ Կապան-Ճակատեն ճանապարհն էլ է վտանգի տակ, որտեղ այսօր կանգնած են ադրբեջանցիները, և անհասկանալի իրադարձություն է տեղի ունեցել գիշերը 12-ից հետո․․․»։

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի այն հայտարարությանը, թե մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, Աննա Գրիգորյանն ասաց․

«Ի՞նչ է ուզում ասել նա, որ կարելի է մեր սեփական, միջպետական ճանապարհը հանձնել և դրա փոխարեն ասել, որ մենք ունենք այլընտրանքային ճանապա՞րհ։ Նախ այդ ճանապարհն ամբողջությամբ և լիարժեքորեն չի կարող փոխարինել գործող միջպետական ճանապարհին՝ հաշվի առնելով աշխարհագրական ռելիեֆը, և երկրորդ՝ 3 գյուղեր, մասնավորապես՝ Բարձրավանը, Որոտանը և Շուռնուխը, շատ վատ իրավիճակում են հայտնվելու․․․»։

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհով այլևս հնարավորություն չեն ունենալու անցնել՝ շեշտելով, որ ակցիայի ավարտից հետո պատրաստվում է հենց այդ ճանապարհով գնալ Կապան՝ հասկանալու համար, թե սովորական քաղաքացին ինչպե՞ս պետք է այդ ճանապարհով անցնի․

«Ավելին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Կապանում հանրահավաք է անում ընտրություններից առաջ, ես նրանց կառաջարկեի գային, այդ ճանապարհի վրա կանգնեին, հանրահավաք անեին, մարդկանց էլ ցույց տային, որ ամեն ինչ լավ է։ Նույն Սուրեն Պապիկյանը, որ այդքան հպարտությամբ խոսում էր ինչ-որ ճանապարհների մասին, առաջարկում եմ փակել նրա ճանապարհը Տաթևով, թող նա ստիպված լինի այս ճանապարհով գալ, հասկանանք՝ ինքն ընդհանրապես պատկերացո՞ւմ է՝ սովորական մեր հայրենակիցների առօրյան ինչպես պետք է լինի․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս